Նիկոլ Փաշինյանը երթ է սկսել Գարեգին Նժդեհի հրապարակից
«Իմ քայլը» շարժման առաջնորդ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթ է սկսել Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից։
Երթն անցնելու է Երեւանի փողոցներով եւ ավարտվելու է Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հանրահավաքը չափազանց կարեւոր նշանակություն ունի։
Իսկ վաղը առավոտյան ժամը 8-ից Երեւանում քաղաքացիական անհնազանդությա գործողությունները կրկնակի թափով են սկսվելու։
Նշենք, որ այսօր քաղաքացիական անհնազանդության գործողություններ չեն կայացել, փողոցներն ու ճանապարհները չեն փակվել։ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը եղել է Ազգային ժողովում։ Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպումէ եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: