Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան
«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, խորհուրդ եմ տալիս դա չանել»,-այս մասին քիչ առաջ հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պնդմանը, որ վարչապետ չի կարելի ընտրել փողոցում, դա պետք է լինի օրենքների համաձայն, Փաշինյանը նշել է. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասել. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը մինչ այդ հրապարակում պետք է համաձայնության տա թեկնածուին»:
Փաշինյանը նշեց, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, իրենք մեծ հավանականությամբ կբոյկոտեն այդ ընտրությունները, ակտիվ բոյկոտ կլինի, եւ այդ ընտրությունները չեն կայանա:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:
Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: