Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք. Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ միջադեպ եղավ։ Ցուցարարներից մեկը հայտնեց, թե երկու հոգի «համը հանում են»։ «Էս Շմայսի բրիգադին հանեք ստեղից, առանց բռնության հանեք»,- հրահանգել է Փաշինյանը։
«Մենք գտել ենք այն մեթոդը, որով պիտի ծնկի բերենք Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը։ Այս շարժումը մի ղեկավար ունի, մի առաջնորդ, եւ այդ առաջնորդը դու ես»,- ասաց նա՝ դիմելով քաղաքացիներին։
«Վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն մարտավարությամբ: Մենք պետք է շրջափակենք մայրուղիները, փողոցները, պետական շինությունները: Դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր առջև փակ դռներ չեն կարող լինել: Դուք եք տերը այս երկրի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փոփոխվել է միայն գործողությունների ժամը: Այն կտեղափոխվի ժամը 10-ին: «Ես ձեզ սապասում եմ Ֆրանսիայի հրապարակում: Մեր ցանցային մարտավարությունը շատ կարևոր է: Եթե ինչ-որ մեկն ավելի շուտ կգա ու կզգա, որ մոտակայքում ինչ-որ մարդիկ կան կասկածելի, դուք ուղղակի զբոսնեք, որովհետև մենք այսօր հասկացանք, որ եթե քիչ ենք, կարող են բոլորիս բերման ենթարկել, իսկ երբ հազարներով ենք՝ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև կոչ արեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին գալ Հայաստան ու վերջ տալ մաֆիային. «Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան»,- ասաց նա: