25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարծում եմ՝ պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Ս. Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուներ: Նախ նա նշեց, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը մտածում է, որ ընտրություններն անցել են կաշառքներով, ոչ ազատ ու արդար, և հարցրեց, թե ինչ է անելու, որպեսզի մարդիկ հավատան ընտրությունների ինստիտուտին: Ապա պատգամավորը նշեց, որ այսօր էլ փողոցում մի շարք մարդիկ պայքար են տանում:

Մյուս հարցը վերաբերում էր քաղաքական հայացքներով մարդկանց բանտարկությանը կամ աշխատանքից ազատելուն, այսինքն՝ եղել են նման դեպքեր, թե ոչ, և արդյոք նախագահ եղած ժամանակում ինքն ազդել է քրեական դատական գործերի որոշումների վրա: «Մի հարց՝ արդյոք ստորագրել եք կառավարության որոշումը, որ կառավարության ամառանոցի իրավունքը սեփականության իրավունքով հանձնվում է ձեզ»,-հարցրեց Զեյնալյանը:

«Ձեր հարցին հարցով պատասխանեմ, պարո՛ն Զեյնալյան, ես այս կարճ ժամանակում արդյոք կարող եմ պատասխանել այդ 6 հարցին»,-ասաց Սերժ Սարգսյանն, ապա նշեց, որ կփորձի պատասխանել բոլոր հարցերին, որոնց էլ հիմա չպատասխանի, հետո կպատասխանի: 

Ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ առաջնորդն ասաց, որ միջազգային կառույցների զեկույցները միանշանակ են եղել՝ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամարտահայտումն են եղել: «Եթե համատարած կաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ ամեն գործիք նկարում է, մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմաթիվ տեսանյութերով հեղեղած կլինեին համացանցն ու դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ բարեգործության անվան տակ նման դեպքեր եղած լինեն, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Ես շատ լավ հիշում եմ, որ բոլոր նախորդ ընտրություններում ընդդիմությունը հաղթում էր կեղծ քվեարկություն կազմակերպելու, լցոնումների, մահացած անձանց կողմից քվեարկություն կազմակերպելու, ՀՀ-ում չբնակվողների կողմից իբր քեարկություն կազմակերպելու մեջ: Մենք գտանք տեխնիկական հնարավորություններ, որպեսզի այդ առասպելը հօդս ցնդեցնենք: Կարծում եմ՝ այս անգամ դրա մասին ընդհանրապես ոչինչ չկա»,-ասաց Սեր Սարգսյանը:

Վերջինս խոստացավ, որ կառավարությունը աշխատելու է նաև այն ուղղությամբ, որ մտածի այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն տա հօդս ցնդեցնելու այն միֆը, որ բոլորը քվեարկության են գնացել միայն ընտրակաշառքով:

Հաջորդ հարցին պատասխանելով՝ նախկին նախագահն ասաց. «Քաղաքական հայացքների համար Հայաստանի հանրապետությունում ոչ ոք երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել, նույնիսկ շատ պարագաներում մեր դատարանների կողմից շատ մեղմ վերաբերմունքի են արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել: Սա, խնդրում եմ, ընդունել որպես ոչ պաշտանատար անձի հայտարարություն»:

Ինչ վերաբերում է նախկին նախագահին հատկացված սեփական տանը, ապա Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ այս շենքում է այդ օրենքն ընդունել, այդ ընդունված օրենքից ընդունվել են նախորդ 2 նախագահները, և ես էլ եմ ընդունել այդ օրենքից, և եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ՝ պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:

Պատգամավորն արձագանքեց, որ խնդիրը կառավարական առանձատնից սեփականություն ստանալն է, ոչ թե ընդհանրապես սեփականություն տալը:

«Բայց ի՞նչ տարբերություն՝ որ տնտեսությունից է: Ես բացարձակապես տարբերություն չեմ տեսնում, եթե տեսնեի, ապա կխնդրեի, որպեսզի այդտեղից չլիներ: Ինչու չեմ տեսնում տարբերություն, որովհետև պետության համար ավելի շահեկան է, որովհետև լրացուցիչ պահպանություն պետք չի, լրացուցիչ տեղ, ծախս պետք չի, այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձնատուն կա, այնտեղ մինչև հիմա ազատ է ԱԺ նախագահի առանձնատունը, պարոն Բաբլոյանը չցանկացավ գալ այնտեղ, ազատ է վարչապետի համար նախատեսվածը, վարչապետը չցանկացավ գալ այնտեղ, բոլոր առանձնատները համարակալված են: Այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, եթե տեսնեի, կփորձեի խոչընդոտել այդ քայլին»,-արձագանքեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ում շատ մարդիկ կան, որ դժգոհ են շատ խնդիրներից, բայց դժգոհ լինել չի նշանակում ըմբոստանալ ամեն ինչին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ