Փոխադարձ վիրավորանքներ Լևոն Զուրաբյանի ու Հրայր Թովմասյանի միջև
ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչ իրավունքով է Կառավարությունը օտարել պետական գույքը: Լևոն Զուրաբյանը նշեց նաև, թե հրապարկված տեղեկությունների համաձայն, գնորդը գնել է գույքը 180 մլն դոլարով:
՛՛Եթե այդ գումարը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա խնդրում եմ նշել բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, անհատների անունները, ում հաշվին կփոխանցվի այդ գումարը՛՛:
Արդարադատության նախարար Հրայր Թոսվմասյանն ի պատասխան հռետորական հարց հնչեցրեց, թե Կառավարությունը արդյոք վաճառել է Որոտան ՓԲԸ բաժնետոմսերը, թե՞ ոչ: ՛՛Ոչ, կառավարությունը ոչինչ չի վաճառել: Կառավարությունը կարող է ունենալ սեփականություն կամ բաժնետոմսերի կամ գույքի ձևով: Չի կարող կառավարությունը միաժամանակ նույն գույքի հետ կապված ունենա և բաժնետոմս և գույք: Գույքը վաճառել է Որոտան ՓԲԸ-ն: Վաճառել է իր գույքի մի մասը, ոչ թե ողջ գույքը, իսկ դրա իրավունքը ուներ՛՛:
Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ են մուտքագրվելու գումարները, ապա նախարարը պատասխանեց՝ Որոտան ՓԲԸ հաշվեհամարին:
Լևոն Զուրաբյանին զարմացրեց այս պատասխանը:
՛՛Ես ուղակի պետք է կրկնեմ հիմա բոլորի ռեակցիան: Այն, ինչ արեցիք, լիակատար դեմագոգիա է: Օրենքում չի գրված՝ խոսքը գույքի մասին է, որ տնօրինում է կառավարությունը, թե՞ պետական ձեռնարկությունը: Օրենքում հստակ գրված է մեկ բան՝ պետական գույքը չի կարող մասնավորցնել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգը՝ անկախ նրանից, թե դա տնօրինումէ կառավարությունը, թե մեկ ուրիշը՛՛,-ասաց նա:
՛՛Եթե որպես իրավաբան, յուրիստ, այս տեքստը չեք ընկալում, ուրեմն գոնե զուտ բովանդակային առումով հասկացեք, որ եթե օրենքի ձեր ասած մեկնաբանությունը իրականություն լիներ, դա կնշանակեր մեկ բան, որ ով ինչ ուզեր կաներ, ցանկացած գույք հնարավոր կլիներ առանց օրենքների պահպանման, առանց ԱԺ հավանության, վաճառել՛՛,-հավալեց պատգամավորը:
Հրայր Թովմասյանն էլ իր հերթին այսպես պատասխանեց. ՛Անհեթեթությունն այս բարձր ամբիոնից ասելը որևէ մեկին պատիվ չի բերում: Եվ տարրական իրավաբանական գիտելքիների պակասն էլ որևէ պատգամավորի պատիվ չի բերում, կարդալ, հասկանալն էլ:
Եթե դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե դուք այդ տրամաբանությունը չունեք՝ ամբողջը հասկանալու համար: Եթե այդքան լսելու ունակություն էլ չունեք, ձեր տված հարցը լսելու, ապա ձեզ ասում եմ՝ կհայտնվեք շատ անհեթեթ վիճակում, երբ պետությունը մեկ շկաֆ վաճառելու ժամանակ, հանկարծ պիտի ձեր թույլտվությունը ստանա՝ վաճառի՞, թե՞ չվաճառի: Մեր երկրի դժբախտությունն է, որ այս ամբիոնից նման հարցեր կարող եք բարձրացնել՛՛: