Շաբոյանի մեջ 2 մարդու պայքար է ընթանում
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց սուպերմարկետների մասին: Ըստ Բիշարյանի՝ սրանք խոչընդոտում են փոքր խանութների աշխատանքին, և դրանք ստիպված փակվում են: Շաբոյանն էլ արձագանքեց, թե մի կողմից հարմարավետ են խոշոր խանութները, որովհետև առավել մաքուր են, հարուստ տեսականի ունեն, մյուս կողմից էլ՝ կա վտանգ, որ խոշոր սուպերմարկետները կարող են ոչ մրցակցային պայմաններ թելադրել՝ առավելություններ ստեղծելով փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ: ՛՛Սուպերմարկետների տարածումը համարում ենք օբյեկտիվ երևույթ, բայց կա նաև վտանգ, որ խոշոր խանութները կարող են իրենց ոչ մրցակցային պայմանները թելադրել: Ուստի, այս խնդրի հետ կապված, անհրաժեշտություն կա լրամշակելու մեր օրենսդրությունը, որ ավելի շատ կարողանանք վերահսկել խոշոր խանութներին, որ նրանք չկարողանան նման պայմաններ թելադրել միջին ու փոքր բիզնեսին՛՛,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Այս պատասխանից հետո Բիշարյանն արձագանքեց. ՛՛Ձեր մեջ երկու մարդու պայքար կա: Մի կողմից դուք ընդունում եք, որ խոշոր խանութները հարմարավետ են, բայց մյուս կողմից գիտակցում եք, որ դա վնասում է միջին բիզնեսին: Բայց ամեն դեպքում, սպասարկման ոլորտը խոշորացնելով, մենք մեծ աջակցություն ենք ցույց տալիս երկրից արտագաղթողներին, որով ամենուր կտեսնեք, որ օֆիսային տարածքները վաճառվում կամ տրվում են վարձով՛՛: