Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը. Հրանտ Բագրատյանի հարցերի տարափը
Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը, վերադարձնելո՞ւ եք քաղաքացու դրած փողը, եթե կուտակային համակարգում ներդնում անելուց հետո հանկարծ որոշում է հեռանալ երկրից` այո կամ ոչ: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս եւ մի շարք այլ հարցեր ուղղեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանին, ով խորհրդարանում ներկայացնում է ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը:
“Այդ որոշումները կայացնելու է ակտիվների կառավարիչը եւ նպատակը լինելու է մասնակիցների մաքսիմալ եկամտաբերության ապահովումը: Մենք փորձելու ենք հետեւել մի քանի սկզբունքների` ապահովել դիվերսիֆիկացիա, որպեսզի մի հոգուց կախված չլինի, ռիսկայնությունն ենք նվազեցնելու”,-նշեց Վարդան Արամյանը:
Նա սխալ մոտեցում համարեց “ներխուժել” ակտիվների կառավարչի տնտեսական գործունեության մեջ: Հրանտ Բագրատյանի երկրորդ հարցին էկոնոմիկայի փոխնախարարը “այո” պատասխանեց: Փոխնախարարի խոսքով, եթե քաղաքացին մեկնում է այնպիսի երկիր, որտեղ եւս կան կուտակային կենսաթոշակային համակարգեր, նրա միջոցները փոխանցվում են տվյալ համակարգին, իսկ եթե նման համակարգ չի գործում, միջոցները տնօրինվում են քաղաքացու կողմից:
Հրանտ Բագրատյանն իր հարցերի մեջ նաեւ դիտարկում արեց` նշելով, որ ՀՀ-ում ներդրված կենսաթոշակային համակարգը ՌԴ-ում գործող համակարգի կրկնությունն է, որի ձախողված լինելու մասին, Բագրատյանի խոսքով, նշում են ՌԴ թե իշխող, թե ընդդիմադիր ուժերը: Այս դիտարկմանն ի պատասխան Վարդան Արամյանն ասաց, որ ՀՀ-ում գործող համակարգը ոչ թե ՌԴ, այլ էստոնական համակարգին է նման:
Հրանտ Բագրատյանին փոխնախարարի պատասխանները չբավարարեցին: “Փողը մարդու ձեռքից վերցնում ենք, բայց երբ հարցնում ենք` ինչ եք անելու, ասում եք` մասնավոր կառավարիչը կորոշի: Անընդունելի է”,-արձագանքեց Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակային համակարգում բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանը բաշխողական կենսաթոշակային համակարգից անցում կկատարի բազմաստիճան կուտակային համակարգի: 2011 թվականից գործում է կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014-ից կգործի պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` քաղաքացին պարտադիր ներդրումներով պետք է ապահովի իր կենսաթոշակը: