“Գոնե այս անգամ մի պահ կանգնեք…”. ՀՅԴ-ն առաջարկում է հանրաքվե անցկացնել

ՀՀ կենսաթոշակային համակարգը լուրջ խնդիրներ ունի, որոնք արտացոլված են երեք հարցերում ` փոխհատուցման գործակիցը, որը չափազանց ցածր է եւ ՀՀ կենսաթոշակառուն իրոք ցածր է ստանում, աշխատողների եւ կեսնաթոշակառուների հարաբերակցությունը, որը ՀՀ-ում ցածր է, կործանարար վիճակում է գտնվում նաեւ կենսաթոշակների վճարման կայունությունը:
Քիչ առաջ խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով` համակարգը չի լուծում այս հիմնախնդիրները: Ըստ նրա` համակարգի ներդրմամբ աշխատատեղեր չեն ստեղծվելու, ուստի գործակիցը շարունակելու է իջնել, իսկ ՀՀ աշխատաշուկայում չի լինելու ակտիվություն: “Մեկ աշխատողի հաշվարկով այս համակարգը գործատուի համար ավելի մեծ ինքնարժեք է բերում”,-նկատեց պատգամավորը եւ հավելեց.”Որեւէ երաշխիք չկա, որ կենսաթոշակառուն 23 տարի հետո կստանա առնվազն քառասուն տոկոսը իր` այդ տարիներին արած վճարումներից”: Արծվիկ Մինասյանի խոսքով` հաշվի առնելով ինֆլյացիան, 2024-ին կատարված վճարումները 23 հետո իրենցից բոլորովին այլ թիվ են ներկայացնելու:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ` համակարգի ներդրումն այս տեսքով, ոչ թե կենսաթոշակառուների բարեկեցությունը, այլ ֆինանսական համակարգն է զարգացնելու.”Այս համակարգը բանկերին ու ֆինանսական հատվածին լրացուցիչ սնուցելուն է ուղղված”:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն առաջարկում է ներդնել պայմանական կուտակային համակարգ, գումարները ներդնել ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտներում եւ ամենակարեւորը` մոդելը չի բերելու ֆինանսական շուկաների ռիսկի, որին ենթարկվում է առաջարկվող մոդելը:
“Գոնե այս անգամ մի պահ կանգնեք, պահանջեք կառավարությունից հետաձգել այս բարեփոխումները եւ դրեք հանրաքվեի: Սա միայն այս պառլամենտի հարցը չէ, սա սերունդների հարցն է”,-խորհրդարանին կոչ արեց Արծվիկ Մինասյանը: