Խորհրդավոր մթնոլորտը պարզելու համար առաջարկում են հանձնաժողով ստեղծել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ին ներկայացրեց ոչ իշխանական ուժերի կողմից ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանձնաժողով ստեղծելու առաջարկը: ՛՛Ոչ իշխանական չորս խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բացահայտելու, թե ինչպես է գազի 300 մլն դոլար պարտքը կայացել, և ինչպե՞ս է ստեղծվում գազի գինը, ինչպե՞ս է առաջացել մանրամեծածախ գնի և սպառողների գնի միջև եղած տարբերությունը: Հարցերը շատ են, բայց այս երկու հարցն է հասարակությանը այսօր հուզում: 650 հազար սպառող կա, բայց այս ամենը արվել է գաղտնի, պահվել է գաղտնի, և մենք ուզում ենք այն խորհրդավոր մթնոլորտը պարզել, որի հարցերի պատասխանները արդեն մի քանի ամիս է չեն տրվում՛՛-բացատրեց Արամ Մանուկյանը:
Նա առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո համապատասխան զեկուցում ներկայացնել խորհրդարան: ՛՛Շուրջ երկու տարի որևէ մեկն այս մասին տեղեկություն չի ունեցել, իսկ պաշտոնյաները գաղտնի են պահել, թաքցրել են պարտքի գոյության մասին տվյալները, այն դեպքում, երբ բանակցությունները տևել են տարիներ շարունակ, բայց տեղյակ չեն պահել անգամ ԱԺ-ին՛՛:
Ինչ վերաբերում է Հայռուսգազարդ ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, ապա Արամ Մանուկյանը հայտարարեց, իրենց հաշվարկներով՝ 20 տոկոսի արժեքը մի քանի անգամ ավելի է: