Սիրել՝ նշանակում է ասել՝ դու չես մեռնելու
Գործք Առաքելոց 10, 34.37-43
Պետրոսը բերանը բացեց և ասաց. « Ճշմարտությամբ վերահասու եմ եղել, թե Աստծո կողմից աչառություն չկա ։ Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրեաստանում այն մկրտությունից հետո, որը քարոզեց Հովհաննեսը. գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, որին Աստված օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
Եվ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրեաստանում և Երուսաղեմում արեց նա, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց և թույլ տվեց, որ նա երևա՝ ո՛չ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրված էինք և որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, թե ի՛նքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան »։
Սաղմոս 118 [117], 1-29
Երախտագիտություն մատուցեք Տիրոջը. Նա բարի է, Նրա սերը հավիտենական է: Իսրայելն, ուրեմն, թող հռչակի. «Նրա սերը հավիտենական է»: Ահարոնի սերունդը թող հռչակի. «Նրա սերը հավիտենական է»: Տիրոջ հավատացյալները թող հռչակեն. «Նրա սերը հավիտենական է»:
Նեղությանս մեջ աղաղակեցի Տիրոջը, Տերը լսեց ինձ. Տերն իմ հետ է, չեմ վախենում, ի՞նչ կարող է անել ինձ մարդը. Տերն իմ հետ է ինձ օգնելու համար, թշնամիներիս կդիմագրավեմ: Ավելի լավ է ապավինել Տիրոջը, քան վստահել մարդուն. ավելի լավ է ապավինել Տիրոջը, քան վստահել հզորներին:
Կռապաշտները շրջապատեցին ինձ, Տիրոջ Անունով ոչնչացրեցի նրանց. չորս կողմից մոտեցան ու շրջապատեցին ինձ, Տիրոջ Անունով ոչնչացրեցի նրանց: Չորս կողմս բռնեցին իշամեղուների նման, Տիրոջ Անունով ոչնչացրեցի նրանց. այրվեցին կրակ նետված չոր ցախի նման:
Ուժով հրեցին ինձ, որպեսզի ընկնեմ, բայց Տերն օգնեց ինձ. իմ ուժն ու իմ երգը Տերն է, Նա է իմ փրկությունը:
Ուրախության և փրկության աղաղակներ են բարձրանում արդարների վրաններից. «Տիրոջ աջը հրաշքներ է գործում, Տիրոջ աջը բարձրացնում է, Տիրոջ աջը հրաշքներ է գործում»:
Խուսափեցի մահից և ապրելու եմ, ավետարանելու համար Տիրոջ գործերը. հարվածեց ինձ, Տերը հարվածեց ինձ, բայց չհանձնեց ինձ մահվան ձեռքը:
Բացեք իմ առաջ արդարության դռները, գալիս եմ Տիրոջը շնորհակալ լինելու. «Սա է Տիրոջ դուռը, նրանից ներս են մտնելու արդարները». երախտագիտություն եմ մատուցում Քեզ, որովհետև լսեցիր ինձ, Դու ես իմ փրկությունը:
Շինարարների կողմից մերժված քարը անկյան գլխավոր քարը դարձավ. սա Տիրոջ կողմից կատարվեց և հիանալի է մեր աչքերի առաջ. սա Տիրոջ պատրաստած օրն է, նրանում ցնծանք և ուրախ լինենք:
Տեր, խնդրում ենք Քեզ, փրկիր մեզ, Տեր, խնդրում ենք Քեզ, հաղթանակիր. օրհնյալ է Նա, ով գալիս է Տիրոջ Անունով:
«Օրհնում ենք ձեզ Տիրոջ բնակավայրից. Աստված, Տերը, թող լուսավորի մեզ»: «Ձեր ձեռքերին ճյուղեր, թափոր կազմեցեք, մինչև խորանի անկյունները»:
Դու իմ Աստվածն ես, և ես երախտագիտություն եմ հայտնում Քեզ, իմ Աստվածն ես, և ես մեծարում եմ Քեզ. երախտագիտություն մատուցեք Տիրոջը. Նա բարի է, հավիտենական է Նրա սերը:
Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 3, 1-4
Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտռեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոսը նստած է Աստծո աջ կողմում։ Վերի՛ն բաների մասին խորհեցեք և ո՛չ թե այն, որ այստեղ՝ երկրի վրա է, քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծո մոտ։ Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։
Ավետարան ըստ Հովհաննեսի 20, 1-9
Եվ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առավոտյան արշալույսին գերեզման է գալիս և տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։ Ապա վազում է և գալիս Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, ու նրանց ասում է. « Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թե ո՛ւր են դրել նրան »։ Պետրոսը և մյուս աշակերտը ելան և գերեզման էին գալիս։ Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ։ Եվ կռանալով՝ տեսավ, որ կտավները այնտեղ էին, բայց ներս չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս. մտավ գերեզմանը և տեսավ, որ կտավները այնտեղ էին, և վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ՝ առանձին ծալված՝ մի կողմ էր։ Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի առաջ էր եկել գերեզման. տեսավ ու հավատաց. քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե՝ մեռելներից պետք է հարություն առնի։
Խորհրդածություն
Մի գերեզման, մի պարտեզ, մի տուն, և մի երթ ու դարձ կանանց և տղամարդկանց։
Մարիամ Մագդաղենացին տնից դուրս է գալիս, երբ տակավին գիշեր էր, խավար էր երկնքում և խավար էր իր սրտի մեջ։ Իր ձեռքերում ոչինչ չունի, միայն իր սերը, որն ապստամբում է Հիսուսի բացակայության դեմ. « Սիրել՝ նշանակում է ասել. Դու չես մեռնելու » (Գ. Մարսել)։
Երգ Երգոցից հասնող արձագանքներով լի է Զատկվա առավոտյան Ավետարանը. կան պարտեզը, գիշերն ու արշալույսը, կորցրած սիրո փնտրտուքը, կա վազքը, արցունքները, և Անունը, արտասանված այնպես՝ ինչպես միայն նա, ով սիրում է, ընդունակ է արտասանել։
Մագդաղենացին արտասովոր քաջություն է դրսևորում։ Այն սիրելի այրը, որն Իր ողջ էությամբ երկնքի համն ու բույրն ուներ, որն իր առջև կրնկի վրա բացել էր անսահմանափակ հորիզոնները, այժմ փակված էր ժայռի մի խոռոչի մեջ։ Ամեն բան վերջացած էր։ Բայց ուրեմն ինչո՞ւ Մարիամը գնաց գերեզմանի մոտ։ « Ինչո՞ւ մոտեցավ գերեզմանին, կին լինելով հանդերձ, մինչ տղամարդիկ վախեցած էին։ Որովհետև ինքը պատկանում էր Նրան և Նրա մոտ էր իր սիրտը։ Ուր Նա էր, այնտեղ էր նաև նրա սիրտը։ Ուստի, վախ չուներ » (Մայսթեր Էկքհարթ)։ Եվ տեսավ, որ քարը վերցվել էր գերեզմանի մուտքից։
Գերեզմանը բաց էր, դատարկ և լուսավոր, արշալույսի թարմության մեջ։ Եվ դրսում գարուն էր։ Գերեզմանը բացված էր՝ սերմի կեղևի նման։ Եվ դատարկ էր։
Մարիամ Մագդաղենացին այդ ժամանակ վազեց և գնաց Սիմոն Պետրոսի և մյուս աշակերտի մոտ։ Միշտ նա է, խաչի ստորոտին կանգնած ուժեղ կինը, դատարկ գերեզմանի առաջ ապշած կինը, Հիսուսին հետևող կանանց մեջ միշտ առաջինը հիշվող կինը, – նա է, որ կրկին շարժման մեջ է դնում հավատքի պատմությունը։
Առաքյալների հոգիների վրա մի ծանր քար էր ընկել և նրանց ճզմած էր պահում։ Ցավն ու վիշտը կարծես եղունգներով քերել ու փորել էին նրանց սրտերը։ Բայց նրանք, համենայն դեպս, մի շատ խելացի ընտրություն էին կատարել. միասին էին մնացել, չէին բաժանվել։ Միայնակ մնացած մեկը կարող է չդիմանալ իր վրա հարձակվող հոսանքին, կարող է քշվել, մինչդեռ միասին հնարավոր է որպես ամբարտակ կանգնել, միասին հնարավոր է վազել և ավելի հեռուն հասնել և ավելի խորքը. այդ ժամանակ դուրս եկան Պետրոսն ու այն մյուս աշակերտը և երկուսն էլ միասին վազեցին։ Միասին հասան և տեսան. մի մարմին պակասում է մահվան հաշվեկշռին, մի սպանված պակասում է բռնության հաշիվներին։ Նրանց հաշիվները պակասորդ են գրանցել։ Այդ բացակայությունը պահանջում է, որ մեր տեսողությունը սրվի, պահանջում է տեսնել մինչև խորքերը։
« Այստեղ չէ », ասում է մի հրեշտակ կանանց։ Որքա՜ն գեղեցիկ է այս խոսքը. « այստեղ չէ »։
Նա է, բայց ո՛չ այստեղ.
Նա է, բայց Նրան հարկավոր է փնտրել դրսում, այլուր.
քայլում է փողոցներում, ողջերի մեջ է.
Նա « Նա է, ով ապրում է »,
Աստված է, որին կարող եք հանդիպել կյանքում։
Նա ամենուր է, բացառությամբ այն տեղերի, ուր մեռածներն են։
Գեղեցկության երազների մեջ է, առավել մեծ սիրո օգտին կատարված յուրաքանչյուր ընտրության մեջ, ծնելու ակտի մեջ է, խաղաղության ժեստերի մեջ, սիրահարների գրկախառնության մեջ է, արդարության քաղցի մեջ, նորածին երեխայի հաղթական ճիչի մեջ է, մահամերձի վերջին շնչի մեջ։ Եվ ով ապրում է Նրա կյանքի նման մի կյանք, որպես պարգև ստանում է Նրա իսկ անկործանելի Կյանքը։
Աղբյուրը՝ mashtoz.org
Հայր Էրմես Մարիա Ռոնքիի համացանցային կայքէջից