27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է Արցախի խորհրդարանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա

Ապրիլի 3-ից Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանում Արցախի պատվիրակությանն ընդունել է քաղաքապետ Մարլեն Մուրյեն։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև առկա համագործակցությունը շարունակական է և Բուրգ լե Վալանսը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաջողված օրինակներից է։ Մարլեն Մուրյեն կարևորել է անմիջական շփումները և ընդգծել, որ անցյալ տարվանից նրանք փորձում են համագործակցությունն ամրապնդել կոնկրետ ծրագրերով, մասնավորապես, Արցախում և մասնավորապես Շուշի քաղաքում արտադրված ապրանքների տոնավաճառ են կազմակերպել Բուրգ լե Վալանսում։ Այնուհետև պատվիրակության անդամները Վալանսի քաղաքապետարանում հանդիպել են քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ: Ֆրանսիացի քաղաքապետը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահին և պատրաստակամություն հայտնել զարգացնելու քույր քաղաքների ձևաչափով համագործակցությունը՝ հաշվի առնելով դրանում կրթական և մշակութային փոխգործակցության գերակայությունը։ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։ Հանդիպումներին ներկա էին Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման արարողություն Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև։ Հիշեցնենք, որ Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Վալանս և Ստեփանակերտ (2015թ. մայիսի 17), Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների (2014թ. հոկտեմբերի 5) միջև:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ