Որ ապրանքներն են թանկանալու ՄՄ-ին անդամակցելուց հետո. 168 ժամ
Այն, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Հայաստանում հնարավոր է՝ արձանագրվի մի շարք կարեւոր ապրանքատեսակների գնաճ, ի սկզբանե հայտնի էր։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքներին։ Դրանց մեծ մասի դեպքում Հայաստանում գործում է զրոյական կամ առավելագույնը 10% մաքսատուրք, իսկ ՄՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ շատ ավելի բարձր դրույքաչափեր։
Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց դեպքում պատկերն ավելի տխուր է։ Օրինակ՝ դեղամիջոցները։ Դեղամիջոցները ՀՀ ներմուծման կառուցվածքում առաջին տասնյակի մեջ են. 2012 թվականին, օրինակ, Հայաստան է ներմուծվել 94 միլիոն դոլարի դեղորայք։ ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12.5%: Ու քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա) եւ ԱՄՆ-ից, ապա դժվար չէ ենթադրել, որ դեղորայքի գինը կարող է թանկանալ նվազագույնը 8%-ով։ Հետաքրքրվողների համար նշենք, որ Ռուսաստանից 2012-ին ներմուծվել է ընդամենը 3.5 միլիոն դոլարի դեղորայք։
Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10% մաքսատուրք։ Դա կազմում է 60-65 դոլար՝ 1 տոննայի համար։ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար։
Թռչնամսի համար նույնպես Հայաստանում մաքսատուրքը 10% է։ ՄՄ-ում՝ 25%, սակայն ոչ պակաս, քան 0.2 եվրո՝ 1կգ-ի համար։
ՄՄ-ում բավականին բարձր է նաեւ զուգարանի թղթի մաքսատուրքը (17.5-18.5 տոկոս)։ Հայաստանում գործում է 10 մաքսատուրք, իսկ զուգարանի թուղթը ներմուծվում է մեծ մասամբ Լեհաստանից եւ այլ եվրոպական երկրներից, մի որոշ մաս էլ՝ Թուրքիայից, Չինաստանից եւ Ուկրաինայից։
Եթե գործեն ՄՄ մաքսատուրքերը, ապա զուգարանի թղթի գինը Հայաստանում կբարձրանա 7-8%-ով։
Այսինքն, ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ թանկանալու է ոչ միայն ուտելու, այլ կերածը մարսելու պրոցեսը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: