Կառավարության նոր որոշումը կհանգեցնի՞ թանկացումների
ՀՀ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, համաձայն որի՝ Հայաստանում արտադրված և ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են, պետք է դրոշմակնքվեն։
Հարցը զեկուցող Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ դրոշմակնքվելու են կաթնամթերքները, արդեն պատրաստի վիճակում գտնվող մսամթերքը, ձկնեղենը, քացախը և այլն։
Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ սա չի նշանակում, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանալու են: ՛՛Խնդիրը նրանում է, որ ապրանքների դրոշմակնքումը հանգեցրել է տվյալ ապրանքների հայտարարագրող ծավալների մեծացմանը։ Կառավարությունը որդեգրել է մի ուղղություն, որի համաձայն ապրանքների հայտարարագրումը իրականացվում է փուլ առ փուլ՝ պայմանավորված տեխնիկական և ժամանակային հնարավորություններով: Կարծում եմ, որ առավել կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները ճշգրտորեն հայտարարագրեն իրենց իրացման ծավալները և համապատասխան կատարեն իրենց հարկային պարտավորությունները՛՛,-նշեց նա:
Հարցին, թե այլ կերպ չեն կարողանում ստվերի դեմ պայքարել և դիմում են ծայրահեղ քայլերի, նա պատասխանեց, որ այն ծայրահեղ միջոց չէ, ավելին՝ միջազգային պրակտիկայում ընդունված արդյունավետ միջոց է։ ՛՛Պետությունն ինքն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը և սպառողի վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա՛՛: