19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խաղեր տվեք, խաղեր

Օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ մեր տղաներն աչալրջությամբ և մարտական լավ պատրաստվածության արդյունքում, կարողացան հետ մղել ադրբեջանական դիվերսիան, ցույց տվեց, որ դրությունը բավական փխրուն է և բանակցություններ, որպես այդպիսին, իրականում չկան էլ, որովհետև բանակցությունը, ըստ էության, ենթադրում է համատեղ որոշումների նախապատրաստում և /կամ ընդունում, իսկ նման բան, իրականում, չկա, առավելևս, որ հակամարտող կողմերից մեկն ակնհայտորեն խախտում է բանակցության համար հիմք հանդիսացող հրադադարի ռեժիմը: Բաքուն, փաստորեն, ցույց տվեց, որ այդ տեսակ բանակցություններն իրեն չեն հետաքրքրում և անկարևոր են:

Իլհամ Ալիեւը ակնհայտորեն դեմ է արտահայտվում ստատուս-քվոյի ներկայիս վիճակին և փորձում է հասկացնել, որ ստատուս-քվոն միայն արտաքին ուժերի հավասարակշռմամբ է, իսկ, իրականում, Ադրբեջանն ի զորու է ռազմական ճանապարհով լուծելու այդ խնդիրը և նույնիսկ նման ցանկությունն էլ առկա է:  

Բաքվում հիմա մշակում են այնպիսի քաղաքականություն, որը նպատակաուղղված է թույլ չտալու Հայաստանին ներգրավվել միջազգային այս կամ այն կառույցին և մեկուսանալ ոչ միայն տնտեսական այլև կազմակերպական ներգրավվածության իմաստով: Այսպիսի խոշոր դիվերսիան հենց սարքվեց Բաքվի կողմից՝ մի քանի հարցեր շոշափելու համար. նախ՝ սրանով փորձ արվեց ստուգել Ղարաբաղա-ադրբեջանական սահմանների ամրության, պաշտպանվածության, հայ զինվորների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև՝ վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ ինֆորմացիան սկսում է շրջանառվել և անվտանգության սպառնալիքի էֆեկտ ստեղծել:

Երկրորդ՝ ինչպես հայտնի է, առաջիկայում  նախատեսված է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, ուստի այդ հանդիպումից առաջ պետք էր հասկացնել միջնորդ երկրներին, որ նման ձևաչափը ձեռնտու չէ, նրանց ստիպել ճնշել Հայաստանին զիջումների գնալու համար, որովհետև պատկեր է ստեղծվում, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի դիմել ռազմական գործողությունների:

Ի դեպ, Բաքուն շատ լավ է հասկացել, որ նմանատիպ քայլերը երբեք օբյեկտիվ արձագանք չեն ստանում համանախագահների կողմից և միշտ կողմերին է կոչ արվում չխախտել հրադադարի ռեժիմը: Այսինքն՝ այս իմաստով հայկական և ադրբեջանական կողմերը հավասարեցվում են, սակայն արտանետված ինֆորմացիան աշխատում է Ադրբեջանի օգտին:

Երրորդ՝ հնարավոր է, որ սա Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու, Հայաստանում ռուսական ռազմաբազաների առկայության ժամկետը երկարացնելու հարցերի հետ էլ է կապված: Ադրբեջանը, նախ, ձգտում է ճշտել՝ արդյո՞ք նմանատիպ քայլերը Ռուսաստանի կողմից կարժանանան արձագանքի կամ, եթե լինեն արձագանքներ, ապա ինչ տեսքով:

Մյուս կողմից միջադեպը եղել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հետևաբար, Ռուսաստանը, ինչպես և ՀԱՊԿ-ը չեն կարող որևէ միջամտություն ցուցաբերել, քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, իսկ Ռուսաստանն էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Ղարաբաղն այս տիրույթում չէ, սա Բաքվում շատ լավ են հասկանում:

Եվ, վերջապես, չորրորդ՝ պետք էր ցույց տալ ՄՄ անդամ Ղազախստանին ու Բելառուսին, որոնք առաջին հայացքից օդիոզ կեցվածք էին որդեգրել Հայաստանի անդամակցությանը, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում և նրա մուտքը ՄՄ կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական գործընթացների վրա:

Բնականաբար, Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես չեկան որևէ հայտարարությամբ: Քիչ չեն եղել դեպքեր, երբ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը հենց հայ-ադրբեջանական սահմանում (ամենաթարմ խախտումը եղել է դեռևս երեկ՝ Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ), իսկ ՀԱՊԿ-ն ապավինել է իր սիրելի լռությանը:

Դրա համար էլ Ադրբեջանը երբևէ չի խորշել ժամանակ առ ժամանակ խախտել հրադադարը նույնիսկ դիվերսիոն նման խմբերով. միևնույնն է՝ Մինսկի խմբից նախատինքի խոսքեր ուղղվելու են երկուսի հասցեին էլ, իսկ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը երբևէ չեն սպառնալու պատասխան գործողություններով :

Այստեղ են ասել` խաղեր տվեք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ