ԲՀԿ-ն սպասում է Քոչարյանի որոշմանը
Henaran.am–ը մի քանի հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ , ժամանակին ՀՀ երկրորդ նախագահի ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանին:
-Պարոն Հովհաննիսյան, մամուլով տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը 2013թ . կայանալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու: Կա՞ նման բան, քննարկում եղե՞լ է:
-ԲՀԿ-ում որեւէ քննարկում նախագահական ընտրությունների հետ կապված չի եղել, այդ քննարկումները չեն սկսվել: Ակնհայտորեն, վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ինչ-որ աժիոտաժի էլեմենտներ են նկատվում նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության հարցի շուրջ: Դեռ շատ ժամանակ կա: Ազդեցիկ ուժերից որեւէ մեկը դեռ պաշտոնապես չի հայտարարել մասնակցության ձեւաչափի եւ կարգի մասին, նույնիսկ ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, ԲՀԿ-ն չի հայտարարել, ՀԱԿ-ը չի հայտարարել: “Բարգավաճ”-ը բավական սոլիդ քաղաքական ուժ է, որպեսզի իրեն թույլ տա հապճեպ քաղաքական հայտարարություններ անել:
Այսուհանդերձ, հավանական համարո՞ւմ եք ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուի առաջադրումը:
-ԲՀԿ-ում կարող են լինել տարբեր տեսակետներ: Ես ինքնս էլ ունեմ իմ տեսակետը, որը այս պահին միայն մասնավոր տեսակետ է, երբ կսկսվի քննարկումների փուլը, կլսենք, թե ով ինչ տեսակետի է, որոշումը կկայացվի: Մենք ունենք մի հստակ պայմանավորվածություն, որը գալիս է ԲՀԿ ղեկավարից` բոլոր կարեւորագույն հարցերը որոշվելու են բաց քննարկումային պայմաններում: Ես չեմ բացառում, որ այդ տեսակետը նույնպես կարող է լինել:
Վերջին շրջանում հատկապես կառավարութնյան տնտեսական քաղաքականությանը եւ վարչապետին ուղղված ԲՀԿ-ի քննադատություններից կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ-ն վարչապետի աթոռին է հավակնում: Ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնին ԲՀԿ շարքերից:
-ԲՀԿ-ի կողմից ընդունված որեւէ փաստաթղթում չեք տեսնի, որ ԲՀԿ-ն հավակնում է վարչապետի պաշտոնին: Դա լրատվամիջոցների կամ փորձագիտական որոշ շրջանակների հետեւությունն է: ԲՀԿ-ի միակ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԲՀԿ-ն խիստ դժգոհ է այսօրվա կառավարության գործունեությունից: Եվ հենց դա է պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել իշխող կոալիցիայի: ԲՀԿ-ն շարունակում է ունենալ լուրջ դժգոհություններ եւ լուրջ վերապահումներ այս կառավարության գործունեությունից եւ կառավարության ծրագրին ԲՀԿ-ի` “դեմ” քվեարկելը ամենատեսանելի եւ փաստարկված քաղաքական որոշումն էր:
Հիմքը, որ ԲՀԿ-ն ունի դժգոհություններ, ոչ թե անձնական սիմպատիաները կամ հավակնություններեն են, այլ այն ցուցանիշները, որ այսօր արձանագրվել են մեր տնեսության մեջ` տնտեսական եւ արտագաղթի ցուցանիշները: Ինչ վերաբերվում է մյուս հարցին, կոռեկտ չեմ համարում այդ մասին խոսել, որովհետեւ գործող վարչապետ կա, իշխող կուսակցությունը պաշտպանում է իր վարչապետին:
-Պարոն Հովհաննիսյան, գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն շաղկապվում է ՀՀ երկրորդ նախագահի անվան հետ: Հավանական համարո՞ւմ եք , որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հենց ԲՀԿ-ի միջոցով լինի:
-Տարիների ընթացքում այս հարցին մի քանի անգամ պատասխանել է ԲՀԿ-ն , պատասխանել է նաեւ երկրորդ նախագահը, եթե հիշում եք: Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահի առաջադրվել-չառաջադրվելուն, ձեւակերպեմ այսպես` նախագահական ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելը խիստ անձնական անհատական որոշման խնդիր է:
Քանի դեռ երկրորդ նախագահը չունի այդ որոշումը, ես կոռեկտ չեմ համարում որեւէ մեկնաբանություն տալ, միեւնույն ժամանակ, երբ նա կհայտարարի իր վերջնական որոշման մասին, հանրությունը իրավունք ունի պահանջել տեսակետներ եւ մենկաբանություններ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից: