Մեզ հիմարի տեղ ե՞ք դրել. խորհրդարանում կրքերը թեժացան
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանադրական օրենք է: Սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք առաջարկ էին ներկայացրել, որի վերաբերյալ որևէ դրական եզրակացություն չի եղել, հիմա դեմ են քվեարկելու, սակայն մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ կանեն:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ «Ելքի» առաջարկի վերաբերյալ վաղուց պարզաբանում տրվել է ՍԴ-ի կողմից, և դա քննարկելն անիմաստ է:
Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը: Վերականգնելուց հետո աշխատանքները շարունակվեցին, հայտարարվեց, որ որոշումն ընդունվել է, քվեարկության դրվեց հաջորդ հարցը:
Հաջորդ հարցի քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տաբլոն ցույց է տալիս, որ վերջին շարքում նստած ՀՀԿ-ականները կողմ են քվեարկել, սակայն նրանք նույնիսկ ներկա չեն դահլիճում: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ այդպես չէ, այդ պատգամավորներն ուղղակի արդեն հիմա լքել են նիստերի դահլիճը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ օրինական է եղել ամեն ինչ, ինչը ցուցատախտակն է նաև ցույց տվել: Բացի այդ նա ընդգծեց, որ 64 ձայնը բավական է, որ այդ օրենքն ընդունվեր:
«61 պատգամավոր կողմ է քվեարկել, պլյուս 3-ը, որ գործուղման մեջ են»,-պարզաբանեց Արա Բաբլոյանը:
Փաշինյանը հավալեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա դիմաց կողմ է քվեարկվել: «Ելքի» ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց. «Այս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանում ե՞ք ապահովել բացառել ընտրակեղծարարությունը, թե ոչ: Որերորդ անգամ բախվում ենք այս խնդրին, երբ մեկը մյուսի փոխարեն է քվեարկում: Մի մտածեք, որ լղոզելով անցնելու է: Կարողանում եք, ապահովեք ձեր պատգամավորների քանակը, եթե ոչ, մի արեք»:
Արա Բաբլոյանն արձագանքեց, որ ինքը հարգում է բոլորին, բոլորի կարծիքները հաշվի է առնում: Նա հավելեց, որ այժմ ցուցատախտակն ավելի երկար են պահում, որպեսզի հայտնի լինի արդյունքը, այս հարցի հետ կապված էլ երկրորդ անգամ ցուցադրեցին: «Երբ պատգամավորները դուրս եկան, դուք նոր արձագանքեցիք: Բայց նախքան այդ երկու անգամ նայեցիք»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: Փաշինյանը, սակայն, շարունակեց, որ ԱԺ ղեկավարությունը ստում է:
Շարմազանովն էլ ասաց, որ արդեն անհրաժեշտ ձայները ապահովվել են, նախագիծն էլ ընդունվել է:
«Ելքի» քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ մեղադրեց նախագահությանը, որ իրենց վրա դրված պատասխանատվությունը չեն կատարում: «Մանկապարտեզ է՞, չեմ հասկանում»: Արա Բաբլոյանը պատասխանեց, որ իրենք կատարում են իրենց պարտականությունները: