Մասնակցել է գյուղնախարարը
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ:
Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների եւ մոտեցումների անհրաժեշտության հարցերին։ Ընդունվել է համատեղ կոմյունիկե, որով կոչ է արվում միջոցներ ձեռնարկել ապահովելու մարդկանց անվտանգ սնվելու իրավունքը եւ զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում ազգային եւ միջազգային մակարդակներում: 2014 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է “Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների” տարի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Բեռլինում գտնվող մասնակից երկրների՝ Նիդեռլանդների, Ավստրիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Մոլդովայի, Կանադայի, Իրաքի եւ Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների եւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Սերգո Կարապետյանը հանդիպել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի եւ գործիքների արտադրությամբ մասնագիտացած ”ԿԼԱԱՍ” գերմանական ընկերության ներկայացուցիչների հետ: