Դատավորը զրկում է Սեֆիլլյանին ցուցմունք տալու իրավունքից. փաստաբանը ինքնաբացարկ պահանջեց
Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց: Եգորյանը նշեց, որ դատարանը պետք է թույլատրի Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալ: Նա միջնորդեց նաև նոր դատաքննություն սկսելու մասին որոշում կայացնել:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Սեֆիլյանին ցուցմունք տալու հնարավորության մասին միջնորդությունը: Դատավորը հայտնեց, որ նոր դատաքննություն սկսելու մասին միջնորդություն փաստաբանը կարող է ներկայացնել միայն պաշտպանական ճառը ներկայացնելուց հետո:
Տիգրան Եգորյանը նշեց, որ դատավորը ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունի Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ և նա չի կարող արդար դատավարություն իրականացնել:
«Դուք նվազագույն իրավունք և պատկերացում չունեք արդարադատություն իրականացնող դատավորի մասին»,-ընդգծեց Տիգրան Եգորյանը:
Եգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: