Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ:
”Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու”, – ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: