«Մանկաբույժները հաճախ արագ չեն կողմնորոշվում և ճիշտ ժամանակին երեխային ուռուցքաբանի մոտ չեն ուղարկում» /տեսանյութ/
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
Ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի՝ Հայաստանում մանկական քաղցկեղի դեմ պայքարի ամենաթույլ օղակը մանկաբույժներն են, քանի որ նրանք հաճախ արագ չեն կողմնորոշվում և ճիշտ ժամանակին երեխային ուռուցքաբանի մոտ չեն ուղարկում:
«ՀՀ-ում վիրահատությունները լավ են կատարվում։ Մեր երկրում առաջատար մասնագետներ են այստեղ աշխատում, պարզապես դրսում ավելի լավ ապարատուրա կա, լինում են շատ ծանր պաթոլոգիկ դեպքեր, որոնք հատուկ սարքավորումներ են պահանջում, այդ առումով զարգացած երկրներին շատ ենք զիջում»,- ասաց Գրիգոր Բադալյանը։
Բանախոսը շեշտեց՝ քաղցկեղի դեպքերը չեն շատացել, պարզապես սոցցանցերն են ակտիվ, ցանկացած դեպք մեծ արձագանք է ստանում։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանն ընդգծեց՝ մեր երկրում, ցավոք, ոսկրածուծի դոնորի պակաս կա, ինչի պատճառով մասնագետները հաճախ փործում եմ կապ հաստատել արտաահմանցի գործընկերների հետ և լուծել դոնորի հետ կապված խնդիրը։
Հիշեցնենք՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից: