Պուտին-Էրդողան-Ռոհանի 2-րդ գագաթնաժողովը կկայանա Ստամբուլում
Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի՝ Սիրիայի հարցով 2-րդ գագաթաժողովը տեղի կունենա Ստամբուլում:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Աֆրինում ու Իդլիբում տեղի ունեցող զարգացումները:
Հաղորդվում է, որ կողմերը համակարծիք են եղել Թուրքիայի երաշխավորությամբ լարվածության թուլացման գոտի հայտարարված Իդլիբում դիտակետեր ստեղծելու հարցում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աստանայի գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել Արևելյան Գուտայի հումանիտար վիճակին:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով 3 երկրների նախագահների 1-ին գագաթաժողովը տեղի էր ունեցել 2017-ի նոյեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում: