Մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տալ, թե ինչ է փոխվել. վարչապետ
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական, N 81 միջնակարգ դպրոցների շենքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթություն և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում: Արդյունքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի քաղաքում նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին:
Գործադիրն ընդունել է ««Գույք ամրացնելու և «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշում: ՀՀ կառավարության կողմից պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ, 2018 թ. սկսած՝ Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահելու անհրաժեշտությունը:
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել: Առավելագույնս պետք է իմանալ, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, որպեսզի հենց այդ տարբերակով հաշվետվությունը ներկայացվի: Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատվությամբ վերաբերվեք»,- նշել է կառավարության ղեկավարը: