Արցախում դպրոցի տնօրենը յուրացումնե՞ր է արել ու աշխատանքից ազատել ահազանգող ուսուցչին. սկանդալ Դրախտաձորում
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր համայնքի միջակարգ դպրոցի տնօրենը կարող է աշխատանքային պայմանագիր կնքել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցչի հետ ու հետո նույն ուսուցչին ազատելաշխատանքից պատճառաբանելով` թյուրիմացություն է եղել:
Աշխարհագրության և ինֆորմատիկայի արդեն նախկին ուսուցիչ Կարեն Շիրինյանը հայտարարում է` դպրոցի տնօրենը ուսումնական հաստատությանը պատկանող գույքն իր տուն է տարել: Ուսուցիչը, ով իրեն հայրենասեր մարդ է համարում, բարձրաձայնել է այդ մասին, պահանջել, որ տնօրենը վերջ տա ապօրինություններին:
«2017 թվականի հոկտեմբերի 1-ին աշխատանքի անցա, իսկ 2018 թվականի հունվարի 9-ին դիմում եմ ներկայացրել դպրոցի տնօրենին, որ ինձ ազատի: Դիմումի մեջ գրել եմ, որ հաշվի առնելով դպրոցում տիրող անօրինականությունները, վերադասի ոչ կոռեկտ պահվածքը, ազատեն ինձ աշխատանքից: Պատասխանը ստացա գրավոր:Ինձ ազատել էին աշխատանքից հաշվի առնելով դիմումս: Սակայն չէի ուզում լքել դպրոցը, իմ խնդիրը օրինականության հետ էր: Ասացի, որ ուզում եմ վերադառնալ»,- Henaran.am-ի թղթակցին պատմեց Կարեն Շիրինյանը:
Շիրինյանի խոսքով` վերականգնվելու համար դպրոցի տնօրենն իրեն ուղղորդել է կրթության վարչության պետի մոտ, վերջինս էլ պատասխանել է, որ մանկավարժին ազատելու հրաման ինքը չի տվել ու տնօրենը ինքը կորոշի վերադարձնել ուսուցչին, թե ոչ:
Կարեն Շիրինյանը հավաստում է` դպրոցի տնօրենը ուսումնական հաստատության գույքն է տարել իր տուն, այդ թվում վառելափայտ:
«Կարեն Շիրիյանը բարձրագույն կրթություն չունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արևիկ Դավթյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է նախկինում բարձրագույն կրթություն չունեցող մարդու հետ պայմանագիր կնքել` տնօրենն արձագանքեց.«Թյուրիմացություն է եղել, որ նմանին ընդունել եմ գործի»:
Նշենք, որ Կարեն Շիրինյանը չի պատրաստվում լռել: Նա դիմել է Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և իր փաստերը պատրաստվում է հրապարակել ՀՀ և Արցախի լրատվամիջոցներով: