Ոստիկանության եւ ՔԿ-ի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության եւ Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Մասնավորապես, հիշյալ նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք ՀՀ-ից բացակայող Ա. Հ.-ին անձնագիր տրամադրելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 24-ին եւ 30-ին կազմել են Ա. Հ.-ի անունից կեղծ դիմումներ` վերջինիս Ստեփանավան քաղաքում հաշվառելու եւ անձնագրավորելու վերաբերյալ ու հանձնել դրանք, այնուհետեւ նրան ձեւականորեն հաշվառել են Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 7-ին անհայտ անձին տրամադրել են Ա. Հ.-ի` ՀՀ քաղաքացու անձնագիրը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործը հարուցվել է Ռ. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց որեւէ հիմքի` մասնավորապես, դատարանի համապատասխան որոշման առկայության, իրեն ու իր ընտանիքի անդամներին ապօրինի վտարել են Երեւան քաղաքի իր նախկին բնակարանից:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վարույթն իրականացնող քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, հակառակ դեպքում` սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված երկու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: