Աֆրինում քրդերի դեմ գործողությունները Թուրքիայում համարում են «ջիհադ»
Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նա Թուրքիայի բանակի գործողությունները Աֆրինում որակել է որպես «ջիհադ» («սրբազան պատերազմ»):
Թուրքիայի Քոջաելի քաղաքում Ղուրանի ընթերցանության կուրսերի բացման արարաղության ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մեր նահատակների հոգիներին հանգստություն լինի, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Մենք այստեղ Ղուրանի կուրսեր ենք անցկացնում, իսկ այնտեղ՝ Աֆրինում շարունակում ենք իրականացնել Ջիհադ»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։