«Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին
Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Կայքի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։