«Իմ երկիրը ընտանիք է, որտեղ բազում չար ու ինձ նման ծնողին «չլսող» զավակներ կան…».Անկեղծության պահեր Վաչագան Մանուկյանի հետ /տեսանյութ/
Ամեն մարդ չէ, որ կարող է ձեռքը գրիչ վերցնել ու անկեղծ լինել ճերմակ թղթի ու հետագայում արդեն ճերմակ հոգիների առաջ: Վաչագան Մանուկյանը իր անկեղծությունը թաթախում է ժամանակի խնդիրներով ու մատուցում դարի չափանիշներին` հաճախ, ոչ հարիր սկուտեղով, քանզի հոգում մաքրության հևք է ու չի կարող խաղալ:
Իր ժամանակը լավ ճանաչող գրողը չի ցանկանում խոսել իր ստեղծագործությունների մասին.«Ես ինձ երբեք գրող չեմ համարել ու դա է պատճառը, որ հրատարակված գիրքս անվանել եմ` «Երբ խզբզում եմ..»:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ գրողը անկեղծացավ.« Արձակը պոեզիայից տարբերվում է նրանով, որ պետք է ուշադիր և լուրջ աշխատես: Դա քառյակ չէ, ինչ որ տուն չէ, որ բառ փոխես ու ամեն բան տեղը ընկնի: Սիրողական եմ մոտեցել ու գրել եմ: Մոտ մարդկանց հորդորով` որոշեցի նաև տպագրել»,-մանրամասնեց Վաչագան Մանուկյանը:
Վաչագան Մանուկյանը նշում է, որ երիտասարդները նախորդ սերնդի շարունակությունն են և ճշմարիտ խոսքը միշտ իրական ճանապարհ է բացում:
Ժամանակակից քայլող դասական պոետ` Խաչիկ Մանուկյանի որդին ըմբոստ է: Նա բերում է իր արժեհամակարգը ու նշում, որ հայ գրականության մեջ դեռ կան չբացահայտված էջեր, որոնք անգին են:
«Ավագները պետք է ընկեր լինեն: Ես սիրում եմ ազատության մեջ` ընկերությունը, երբ ավագն էլ ինչ որ տեղ երիտասարդից բան կսովորի:Իմ երկիրը ընտանիք է, որտեղ բազում չար ու ինձ նման ծնողին «չլսող» զավակներ կան…»,-ասում է երիտասարդ գրողը:
Հատված Վաչագան Մանուկյանի. «Ինտերնետային արկածներ, կամ ուղղակի արդեն ուշ է…» վիպակից
-Ի՞նչ էր ասում Հրանտը:
-Ասում էր.«Եթե մարգարեներ չենք գալիք ժամանակների, գոնե մեր ժամանակների մատենագիրը լինենք, մեր ժամանակների վավերագրողները լինելու քաջություն ունենանք»:
-Դիպուկ էր, բայց ես նրա գիրը չընկալեցի:
-Սևանի միջից, որ իշխան բռնեինք , ի՞նչ կանեիր:
-Էն վերացվո՞ղ…
-Էդ հարցա՞…
-Եթե երկու տարեկան երեխային տաս, ի՞նչ կանի:
-Փշերից կխեղդվի:
-Բայց կզգա՞ համը:
-Ավելի շատ` ցավը:
-Սևանա լճի փշոտ, համով, քո ասած էն վերացող իշխանը Հրանտն ա: Եթե հոգով չափահաս չենք, նրա փշի ցավը պիտի ճաշակենք:
Պատրաստեց` Լուսին Ղազարյանը
Մանրամասները` տեսանյութում: