«Բանակում ձեռք բերած գիտելիքներն ու կյանքի փորձը հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ տեղ»
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Օրինակելի զինծառայող լինելու նախապայմաններից մեկն էլ մարդկային վեհ հատկանիշներով օժտված լինելն է, ինչպիսիք են ընկերասիրությունը, ծառայակից ընկերներին սատարելու պատրաստակամությունը, ազնվությունը, ծառայակցի ուրախությունն ու տխրությունը կիսելու կարողությունը: Սրանք այն կարևոր որակներն են նաև, որոնք հնարավորություն են ընձեռում ստեղծելու կուռ և միասնական կոլեկտիվ, որը պատրաստ է պատվով կատարել հայրենիքի պաշտպանի առաքելությունը:
Կրտսեր սերժանտ Նարեկ Նորիկի Վարդանյանը ծնվել է 1998թ.։ Միջնակարգն ավարտելուց հետո 2016 թվականին զորակոչվել է զինծառայության և ուսումնական դասընթացներն անցնելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար։ Վերադաս հրամանատարությունը գոհ է կրտսեր սերժանտ Վարդանյանի ծառայությունից, քանզի նա պարտականությունների կատարման ընթացքում միմիայն Հայոց բանակի զինվորին վայել լավագույն կողմերով է իրեն դրսևորել:
Արդեն բավականին ժամանակ է, ինչ կատարում է դիրքի ավագի պարտականությունները և հնարավորություն ու ժամանակ է ունեցել մտորելու և հասկանալու հայրենիք հասկացության արժեքն ու զինծառայության տեղն ու դերը մեր ժողովրդի հարատևության գործընթացում: Հպարտ է, որ հաղթանակած բանակի զինվոր է, ծառայում է մի երկրամասում, որը, շնորհիվ մեր նվիրյալ հայորդիների, նրա ըմբոստ ժողովրդի, կարողացավ պահպանել իր հայեցիությունը` դառնալով հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունը:
ՙՀայրենիքը տարողունակ գաղափար է, որի մեջ մտնում են բազմաթիվ գործոններ։ Զինծառայությունը, առավել քան որևէ այլ մասնագիտություն, օգնում է ավելի ճիշտ ընկալել հայրենիքն ու նրա սահմաններից դուրս ընթացող գործընթացները։ Հայրենասիրությունն իր հերթին օգնում է համապատասխան վերաբերմունքով ուսուցանել մյուսներին իրենց անելիքները։ Իսկ բանակային տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կյանքի փորձը հնարավոր չէ մեկ այլ տեղ ձեռք բերել։ Խոսքը ոչ միայն զինվորական մասնագիտության մասին է, որն ինքնին հասկանալի է, այլև կոլեկտիվ ապրելակերպի, կոլեկտիվ մտածողության և որևէ քայլ անելուց առաջ մյուսների կարծիքներն ու ցանկությունները հարգելու մասին է՚։
Ըստ կրտսեր սերժանտ Ն. Վարդանյանի` զինծառայությունը մարդուն օգնում, ինչ-որ տեղ նաև ստիպում է սեփական ժամանակը, սեփական անելիքները ճիշտ պլանավորել: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ գործում է օրվա կարգացուցակի հստակ ռեժիմը՝ առավոտյան վերկացից մինչև քուն։ ՙԴիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում թույլ տրված յուրաքանչյուր սխալ արարք ճակատագրական նշանակություն կարող է ունենալ ողջ անձնակազմի համար: Եվ ոչ միայն: Դիրքի ավագը ողջ անձնակազմի և հայրենիքի սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն է: Հետևաբար պետք է հստակորեն պահպանել սահմանված կարգուկանոնը, ժամանակին կատարել հերթափոխը, որպեսզի դիրքապահները հնարավորություն ունենան նաև հանգստանալու: Ընդհանրապես դիրքերում պետք է խստորեն պահպանել հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ընկճված չզգա, որպեսզի միասնական ուժերով կարողանան կատարել առաջադրված խնդիրները: Ճիշտ է, զինծառայության ընթացքում խնդիրներ ևս լինում են, բայց դրանք փորձում ենք լուծել սեփական ջանքերով կամ հրամանատարության աջակցությամբ՚,- զրույցի ընթացքում շեշտում է կրտսեր սերժանտ Ն. Վարդանյանն ու հավելում, որ հենց այդպիսի գիտակցված ու նպատակաուղղված աշխատանքն է, որ իմաստալից է դարձնում զինվորականի ծառայությունը։
Եթե լինում է ազատ ժամանակ, ապա Նարեկն այդ ընթացքում ինքնապատրաստությամբ է զբաղվում` ձգտելով ավելի հարստացնել գիտելիքները։ Ընդհանուր առմամբ նա աչքի էր ընկնում զարգացման բարձր մակարդակով և մեզ հետ զրույցի ընթացքում շոշափում էր ավելի լայն ընդգրկում ունեցող խնդիրներ։ Այս իմաստով նա հատկապես կարևորում է արցախյան հարցի բանակցային գործընթացը և զինծառայության ընթացքում ավելի է համոզվել, որ հզոր բանակ ունենալն անհրաժեշտ է հստակ ու անշեղ արտաքին քաղաքականություն վարելու, մեր պետականության առջև ծառացած մարտահրավերները լուծելու և ընդհանրապես հայ ազգի հարատևությունն ապահովելու համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն