«Մարդիկ այլևս չեն կարող վատ ապրել․ նրանք պետք է փողոց դուրս գան»
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ «Ելք» դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների կարող է վերածվել տարբեր քաղաքական ակցիաների․ որևէ մեկը դա չի բացառել։
«Դա կախված է նրանից, թե մեր համաքաղաքացիները որքանով կհասկանան, որ սա քաղաքական անձերի հետ կապ չունեցող գործընթաց է։ Սա նախընտրական պայքար չէ կամ նման մի բան։ Սա կոնկրետ քաղաքացիներին է վերաբերում։ Մենք կշարունակենք մարդկանց համոզել, որ նրանք այլևս չեն կարող վատ ապրել, պետք է փողոց դուրս գան։ Մենք կշարունակենք մարդկանց համոզել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կներեն», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Վերջինս նշեց՝ «Ելք»-ն այժմ պատրաստվում է փետրվարի 5-ի երթին։ «Ակնկալում ենք, որ մեզ ավելի շատ քաղաքացիներ կմիանան։ Արդեն այդ օրը տեղում որոծում կկայացնենք, թե պայքարն ինչ ձև կընդունի, բայց կրկնում եմ՝ մենք որևէ օրինական ձև չենք բացառում», – ասաց Ալեն Սիմոնյանը։