Կարագը թանկացել է, որովհետև պարզվել է՝ այն ձեթից օգտակար է
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ նշեց, որ նախ պետք է հասկանալ մեթոդաբանությունը, որով հաշվարկվում է, թե քանի տոկոս է եղել գնաճը: Նա նշեց, որ միսը, լոլիկը, կարտոֆիլը բավական շատ են թանկացել: Եղել են նաև գնանկումներ օրինակ՝ խառը կանաչու, հնդկացորենի, կանաչ սոխի, սխտորի, տաքդեղի: «Մի նժարին դրել ենք այս թանկացումները, մյուսին դրել ենք էժանացումները, ստացել ենք ինչ-որ թիվ, 2.5 տոկոս, որով ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, որ ստանում է 200 հազար դրամ, իր ամսական ծախսի տարբերությունը 5000 դրամ է կազմում, ես ճի՞շտ եմ հասկացել»:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ արձագանքեց, որ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն արդեն ներկայացրել է մեթոդաբանությունը, որն ընդունված է զարգացած շատ երկրներում: Նա նկատեց, որ այլ հիմքեր ու մեթոդ չկա: «Ավելին ասեմ, մենք հիմնվում ենք վիճծառայության տվյալների վրա: Իրավացի եք, մեր գնաճը 12 ամսվա համար կազմել է 2.6 տոկոս: Կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է, հայտարարություններ եղել են: Տարվա կեսին էլ մի քանի զեկույցներ հրապարակվեցին մի քանի հեղինակավոր ինստիտուտների կողմից, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերինի հետ կապված, այդքան էլ ճիշտ չի գնահատվել, նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կոնցերոգեն բնույթ է կրում, և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթի: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումը, օգտագործումը, նաև գինը տարբեր երկրներում կտրուկ բարձրացավ:
Կար իրավիճակ, երբ նույնիսկ խնդրահարույց դարձավ կարագ գնելը»,-բացատրեց Ջավադյանը: