« Ինքը պատվեր ա կատարում».Սամվել Բաբայանը բարկացավ
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:
Նիստ ժամանակ Սամվել Բաբայանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Արամ Արամյանին՝ նշելով, որ դատախազը պատվեր է կատարում. «Ես դեմ եմ, որ պետական մեղադրողը ինքը լինի: Ինքը պատվեր ա կատարում»:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: