Ինչո՞ւ «Freedom House»-ը Հայաստանը դասակարգեց «մասամբ ազատ» երկրների շարքում
Օրերս «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց 2017թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրության առարկա դարձած 195 երկրներին և 14 տարածքներին վերաբերող զեկույցը։ Հայաստանը դասակարգվել է մասամբ ազատ երկրների շարքում։ Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում անդրադարձել է նաև 2017 թվականի ապրիլին կայացած ԱԺ ընտրություններին։ Նշվում է, որ այդ անբարեխիղճ ընտրությունները ցույց տվեցին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներն անկում են ապրում։
Անդրադառնալով վերոնշյալ զեկույցին՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է ՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ «Freedom House»-ի պես հեղինակավոր կազմակերպության կատարած հետազոտություննեին գնահատական տալիս հարկավոր է ուշադիր և լինել։
«Նույնը խորհուրդ կտամ նաև մյուս բոլոր բանախոսներին, ովքեր կխոսեն «Freedom House»-ի հետազոտությունների մասին։ Հարկավոր է հիշել՝ սա տարիներով համբավ վաստակած, բազմաթիվ անգամներ իր անաչառությունն ապացուցած կազմակերպություն է, այդ իսկ պատճառով այս կազմակերպության խոսքը կռշիռ ունի։ Ես կարծում եմ՝ այս իրավապաշտպան կազմակերպության գնահատականը կարելի է ասել՝ գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ նկարագրում է այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Գիտե՞ք ՝ ինչու եմ ասում «գրեթե», քանի որ կարծում եմ՝ «մասամբ ազատ» ասվածն էլ է այս իրավիճակի համար մեղմ ասված, քանի որ շատ բնագավարներում, օրինակ՝ դատական համակարգում կարող ենք ասել՝ դատական իշխանությունն այսօր, ցավոք, ընդհանրապես անկախ չէ, իսկ դատական իշխանությունը պետականության ամենամեծ ու կարևոր բաղադրիչներից է, ժողովրդավարության ու իրավունքի հիմքը», – ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ իսկ ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում իրավիճակն այսպիսին է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ կարծում եմ՝ պատճառն այն քաղաքականությունն է, որը տարվել է ընտրությունների ընթացքում, ընտրությունների նախաշեմին։ Իշխանությունը մի կողմից քարոզել է, որ մեկ է՝ ոչինչ չի փոխվի, մյուս կողմից էլ այդ անհավատության ու անվստահության մթնոլորտում կանխիկ գումար է առաջարկվել մարդկանց։ Մարդուն անհավատ դարձնելով քաղաքական գործընթացքների հետ կապված՝ գումար են առաջարկել, և շատերը վերցրել են այդ գումարը։ Բոլոր պետականամերձ ԶԼՄ-ները զբաղված են այն քարոզով, որ, ենթադրենք, այս կամ այն քաղաքական գործչին վարկաբեկելու համար նրան կապում են իշխանության հետ, անիմաստ տեղեկություններ են գցում շրջանառության մեջ։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Այս անվստահության մթնոլորտն է պատճառը, որ մեզ այսպես հետ է գցելու ժողովրդավարական տարբեր գործընթացներից», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը։