Ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ՝ սարսափելի չի. վարչապետ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գնաճի տեմպերը որակեց որպես անկառավարելի, որն այնքան է լրջացել, որ խորհրդակցություններ են կազմակերպվել, նաև Աժ-ում լսումներ են հրավիրվել: «Ստացվում է կառավարությունն այնքան հոտառություն ու քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ պաշտոնական թանկացումները չնկատեր, թե՞ ուղղակի լուծումներ չուներ: Թե՞ հերթական անգամ ամեն ինչ թողնում եք ժողովրդի վրա փորձված տխուր ավանդույթին»,-հարցրեց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն չէր հնչած գնահատակնների հետ. գնաճը անկանխատեսելի չէր: Վարչապետը մասնավորպես անդրադաձավ գազի, դիզվառելիքի և բենզինի գներին և հայտարարեց, թե այստեղ գնաճը մեծ չէ: «Մեր օֆիցիալ գնաճը 2,6% է, 6,7% Վրաստանում է, 7,9% Ադրբեջանում է։ Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը, ուզում եմ հետևյալ վիճակագրական տվյալները ձեզ տալ՝ բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 է, այս պահին Վրաստանում բենզինի գինը, որը մենք տրանզիտով ենք ստանում, ավելի բարձր է, երբ մենք տրանզիտով ենք բերում։ Բենզինը օգտագործողն ալտերնատիվ ունի գազ օգտագործել, գազը թանկացել է, եթե չեմ սխալվում 25 դրամով, տարբեր տեղեր 190-ից 220 դրամ է, և վերականգվել է այն տեղը, որը եղել էր 2015 թվականին։
Լավ չի, որ գազի գինը թանկացել է, բայց 190-220 դրամը նոր պահանջ ու մարտաահրվեր չէ, շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ դրա հնարավորությունն ենք ունեցել»,-ասաց նա և նշեց, թե ջերմոցային տնտեսության համար էժանացրել էին և եթե տեսնեն, որ կայացել է, կարող է հաշվարկեն վերականգնել նախկին գինը: 220 դրամ պարագայի դեքպում Վրաստանում գազը տրանզիտով անցնում է 260-300 դրամ: Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա նշեց, որ դիզելային վառելիքի ակցիզային հարկը նվազեցրել են և կիրառում են Ավելացրած արժեքի հարկ:
«Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք, և որևիցե պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակների հարցում ես չեմ տեսնում»,-ասաց նա: Շաքե Իսոյանն արձագանքեց, թե ինչպես և սպասելի էր, պատասխանում եք վիճակագրական տվյալներ, իսկ այդ տվյալներով որևէ դրական ազդեցություն ՀՀ քաղաքացին իր վրա չի կրում: Նա կոչ արեց գնաճը զսպելու մեխանիզմներ առաջարկել: Վարչապետը նշեց, թե ձևակերպել է, ուղղակի դրանք, հարց է, լուծում համարում են, թե ոչ: «Որտեղ որ բեռ է, իրան սուբսիդավորելու ենք, մնացած տեղը բեռ չեմ տեսնում: Ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ՝ սարսափելի չի: Տարին կամփոփենք, տարածաշրջանում մեր աճի տեմպերը երեք երկներից ամենաբարձրն են, ամենաբարձր աճն է, ամենացածր գնաճը. դա աճի՞ տեմպեր են, թե՞ չէ»,-ասաց նա: