Միայնակ գայլը վատացավ. «Սասնա ծռեր»-ը պահանջում են իրենց պաշտպաններին
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հրաժարվել էին նիստին մասնակցել, քանի որ իրենց բոյկոտով ցանկանում էին աջակցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին:
Նրանք հրաժարվեցին իրենց պաշտպաններից ու լքեցին դատական նիստերի դահլիճը:
Դատավորը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանների:
Այսօրվա նիստի ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամները հերթով հրաժարավեցին հանրային պաշտպանների ծառայություններից։
«Սասնա ծռեր»-ը դատարանում հայտարարեցին, որ ցանկանում են իրենց պաշտպանությամբ զբաղվեն այն փաստաբանները, որոնցից նախորդ դատական նիստին հրաժարվել էին։ Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը նիստի սկզբում իր ընկերների անունից հայտարարեց այդ մասին. «Շնորհակալություն Բիլյանին և Բարսեղյանին, որ լսեցին «Սասնա ծռեր»-֊ի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանի խոսքը եւ դադարեցրին հացադուլը։ Նրանց պահանջը մնում է ուժի մեջ, նրանք պետք է տեղափոխվեն Արմավիր ՔԿՀ»։
Պավել Մանուկյանն էլ իր խոսքում նշեց. «Ես նախորդ նիստին Ձեզ առաջարկեցին հանրային պաշտպանի ռեսուրսը խնայել, քանի որ դա պետք կգա Սերժ Սարգսյանի պաշտպանության համար»։
Այնուամենայնիվ, Մեսրոպ Մակյանը հակառակ ամբաստանյալների դիրքորոշմանը հանրային պաշտպաններին ներգրավեց։
Նշենք, որ նիստը ընդմիջվեց քանի որ Արայիկ Խանդոյանը իրեն վատ էր զգում: Հացադուլից հետո նա ենթարկվել է երիկամների վիրահատության:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: