Մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի ժողովրդի աստվածատուր իրավունքը. ՀՀԿ
«Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի, ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը:
Շարմազանովն ընդգծեց՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, ու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ արցախյան խնդրի կարգավորումը տարածքային ամբղոջականության հետ նույնացնելու հետ որևէ առնչություն չունի:
Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը նշել է երեք սկզբունքները, որտեղ բացի տարածքային ամբողջականությունից կա խաղաղ կարգավորման ու ինքնորոշման սկզբունքի իրացման խնդիրը: «Մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու անկախ Ադրբեջանի մաս, Արցախի ճակատագիրը որոշել է Արցախի ժողովուրդը հանրաքվեով, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել այդ աստվածատուր իրավունքը մինչև լիակատար անկախություն»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից մշտապես հնչող տեսակետին, թե չեն ճանաչում Արցախի 91 թ-ի հանրաքվեի արդյունքները, ապա Աժ փոխնախագահն ասաց. «Ես ակամայից հիշում եմ խորհրդային միությունը, որն էլ չէր ճանաչում ԽՍՀՄ նախկին երկրների անկախությունը, հիմա ո՞ւր է խորհրդային միությունը, չկա, Արցախն էլ համալրելու է ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը»:
Շարմազանովը հավելեց, որ այս տարվա ակնկալիքն էլ 2018 թ-ին խաղաղ կարգավորման ու խաղաղ բանակցությունների միջոցով հասնելն է խաղաղ հանգուցալուծման: