«Իմ Ձմեռ պապը Անահիտն է…»
Henaran.am-ի զրուցակիցը բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանն է:
1. Պատմիր, խնդրեմ, քո մանկության տարիների Նոր տարվա հետ կապված մի սրտառուչ հուշ
Իմ մանկությունը, ցավոք, համընկել է արցախյան պատերազմի տարիների հետ: Ապրելով սահմանամերձ գոտում՝ Վարդենիսում, մշտապես առերեսվել եմ պատերազմին՝ իր ամբողջ դաժանությամբ, դրամատիզմով, եղերականությամբ, բայց նաև հերոսական դրվագներով և ուշարժան հուշապատառիկներով: Ամանորը մեզ համար հատկանշվել է սահմանին կանգնած զինվորի կենացը բարձրաձայնելով, լուռ աղոթելով, մեր ծեսերն ու տոնական անցուդարձը բխել է հայ զինվորի ու հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ ակնածուն ու վերբաժակաճառային արարքով, վերաբերմունքով: Սա պաթոլոգիա չէ:
Ինչ վերաբերում է հուշերին, դրանք շատ են ու յուրահատուկ: Ամենից տպավորիչների ու սրտառուչների մեջ կարելի է հիշել, հիշատակել նախատոնական այն օրը, երբ որպես տարվա պատանի բանաստեղծ՝ Ռուբեն Սևակի անվան գրանական ամենամյա արժեքավոր մրցանակի դափնեկիր (մրցանակաբաշխությունը նախաձեռնել էր <Կանչը>, պարգևատրողը՝ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան, մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ականավոր գրականագետ Ա.Թոփչյան) վերադառնում է Վարդենիս, որպեսզի ընտանիքիս անդամների հետ նշեի Ամանորը, սակայն սխալմամբ Վարդենիսի փոխարեն նստեցի Վարդենիկ տեղափոխող ավտոբուսը: Նրանից հետո արդեն ոտքով, ձյան ու բքի հետ կռիվ տալով, միայն մի քանի կիլոմետր անց գթասիրտ վարորդի հանդիպելով՝ մի կերպ հասա իմ հայրենի տուն՝ մերոնց հետ նոր տարին դիմավորելու…
- Արդեն հասուն տարիքում, երբ արդեն հայր ես ինչ զգացողությամբ ես դիմավորում նոր տարին:
Ես ուզում եմ Անահիտը՝ դուստրս, և, առհասարակ, հայոց բոլոր մանուկներն ապրեն խաղաղ պայմաններում: Ունենան պարկեշտ ու ազնիվ ծնողներ, լավ ընտանիք: Սոցիալական ու կենցաղային խնդիրները թող չստվերեն ընտանեկան կարևոր արժեքները: Կարևորն այն է, որ Անահիտն ու իր հասակակիցները հավատան, որ ընտանիքում կա սեր, փոխադարձ հարգանք ու համերաշխությունը, սեղանի զարդարանքն ու հարակից բարեբանություններն անցողիկ են…
- Հավատում ես Ձմեռ պապին…
Տարբեր տարիքում Ձմեռ պապը փոխում է կերպարը, բայց նշանակությունն ու հարազատականությունն անփոփոխ է: Եղել է տարի, երբ Ձմեռ պապն ինձ համար իմ պապն է եղել, տարի է եղել՝ իմ ուսուցիչը, հայր դառնալուց հետո՝ Անահիտը… Սրանում արտառոցություն ու տողատակ չկա: Ձմեռ պապը դա քո հավատի, բաղձանքի ու խղճմտանքի առանցքային դերակատարն է….