Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականի կազմում. Ա. Խաչատուրով
‘Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ հայրս հայ է: Այդ երկիրը մեր հայրենիքն է’,-ասել է Հայաստանի հավաքական հրավիրված Տիրասպոլի ‘Շերիֆի’ պաշտպան Արտյոմ Խաչատուրովը ակումբի պաշտոնական կայքին:
Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար, իհարկե, ցավալի է, որ լքում է Մոլդովայի երիտասարդների հավաքականը, սակայն ամեն դեպքում ինքը գիտակցում է, որ իրեն աճ է հարկավոր: ‘Ինձ հարկավոր է առաջ գնալ: Վստահ եմ, որ առաջ քայլ եմ անում’,-ասել է նա:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում համատեղ խաղը հայ ֆուտբոլիստների հետ` չիմանալով հայերեն, Խաչատուրովն ասել է, որ ժամանակի ընթացքում լեզուն կսովորի: ‘Հայաստանի հավաքականում շատ լեգեոներներ կան, որ խոսում են ռուսերեն: Այնպես որ` ֆուտբոլիստների և մարզիչների հետ ընդհանուր լեզու կգտնեմ’,-ավելացրել է ֆուտբոլիստը: