Կապրիզնի կնոջ նման, եթե ասենք տուր, տուր, տուր…Շիրակի մարզպետ (տեսանյութ)
Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես եկան ոլորտային պատասխանատուները: Ամփոփելով տարին ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 93.4%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների կատարողականը ավել է 18.9%-ով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը նշեց. «Դրական միտումներն առկա են, ինչն, իհարկե, ոգևորիչ է, բայց սա բավարար համարել չի կարելի, քանի որ մենք դեռ անելիքներ ունենք: Կան օբյեկտիվ դժվարություններ, բայց թերացումները օբյեկտիվ խնդիրներով միայն պայմանավորելը սխալ կլինի»:
Գյուղատնտեսության բնագավառում 2017 թվականին իրականացված աշխատանքներին անդրադառնալով գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ընդգծեց, որ հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 10139 հա-ով: Մարզում ընդհանուր ցանքը 2017թ. կազմել է 60626 հա, նախորդ տարվա 70765 հա-ի դիմաց: Փոխարենը առաջընթաց է գրանցվել նոր մշակաբույսերի մշակության արմատավորման գործում՝ հնդկացորեն 227.2 հա, կտավատ 162 հա, ոլոռ 29 հա, սիսեռ 10 հա, ոսպ 45 հա, չաման 35 հա, որոնց տնտեսական արդյունավետությունը մոտ 2-3 անգամ գերազանցում է հացահատիկային մշակաբույսերին: Շիրակի մարզպետի հորդորը համայնքապետերին նոր ծրագրերին ակտիվ մասնակցելն էր.
«Պատուհանը, որը հիմա բաց է հավերժ բաց չի մնալու, 2-3 տարվա խնդիր ունենք: Եթե որոշակի հարցեր ունենք՝ հասկանալու, եթե օգնության կարիք ունեք, կարող ենք օգնել մասնակցեք: Պետք է օգտագործել այս պահը և պետության կողմից առաջարկվող սուբսիդավորված վարկերից ու ծրագրերից օգտվել, եթե օգնության կարիք կունենաք, ապա Շիրակի մարզպետարանը միշտ պատրաստ է աջակցել բոլորիդ»: Գյումրու «Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ին, մարզային ներդրումային ծրագրերի շրջանակներում, տրամադրվել է 100 մլն դրամ սուբսիդավորված վարկի առաջին տրանշը: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային և կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Ըստ նախատեսվածի աշխատանքները կավարտվեն և կենտրոնը շահագործման կհանձնվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 աշխատատեղ: Կառավարությանը ներկայացված ներդրումային այս ծրագիրը մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Կրթական հիմնախնդիրների ու արված աշխատանքների մասին խոսելով կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը նշեց, որ մարզում «Ներառական կրթության» ծրագիր է իրականացվում 28 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որում ընդգրկված են 1410 աշակերտներ: