ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդը դրական եզրակացություն է տվել Բարձրագույն կրթության օրինագծին
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Նիստը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, նախագիծը ներկայացրել է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳ նախարարի տեղակալը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող օրինագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ այն առանցքային քաղաքական հարցեր է լուծում բարձրագույն կրթության համակարգում և այդ իմաստով հեղափոխական փոփոխություններ է նախատեսում բուհերի կառավարման, ֆինանսովորման ոլորտներում. «Առաջին խնդիրը, որ լուծվում է՝ կառավարման խորհուրդները քաղաքական ազդեցություններից դուրս բերելն է: Նոր նախագծով միանշանակ բացառվում է որևէ քաղաքական պոշտոնյաի կամ մարզպետի ներկայություն բուհի կառավրման խորհրդում: Եթե ներկայումս 25 տոկոս համամասնությամբ կառավարման խորհուրդներում ներգրավված էին լիազոր մարմնի, հիմնադիրի, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ապա նոր նախագծով խորհուրդի կառուցվածքը հիմնովին փոխվում է. 30 տոկոս պրոֆեսորադասախոսական անձնակազմ, 10 տոկոս ուսանողություն, 30 տոկոս գործատուներ, 20 տոկոս՝ հիմադիր, և ընդամնեը 10 տոկոս՝ լիազոր մարմին: Եթե հաշվի առնենք, որ պետական բուհերի հիմնադիրը կառավարությունն է, իսկ լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ապա գործող օրենքով պետությունը կառավարման խորհրդում 50 տոկոս ներկայացվածություն ունի: Նոր նախագծով այդ ներկայացվածությունը կլինի 30 տոկոս: Հաջորդ կարևոր հարցը ֆինանսավորման համակարգի փոփոխությունն է. գործող օրենքով պետպատվեր համակարգում սովորող ուսանողը միանգամից երեք արտոնություն է ստանաում՝ անվճար կրթություն, տարկետման իրավունք և պետության կողմից տրվող 5000 դրամ կրթաթոշակ: Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ բուհերի բյուջեների 95 տոկոսը գոյանում է ուսման վարձավճարներից: Այս կախվածությամբ պայմանավորված՝ բուհի ղեկավարությունը չի ուզում հրաժարվել անգամ ցածր առաջադիմությամբ ուսանողից: Նախագծով ֆինանսավորման երեք մոդել է առաջարկվում՝ առաջինը բուհի նվազագույն կարիքների համար տրվող բազային ֆինանսավորումն է, երկրորդը մրցութային կարգով տրվող կրթաթոշաները և երրորդ՝ մրցակցային գործակիցով տրվող ֆինանսավորումն է: Նախագծով բուհերին առաջարկվում է նաև ստեղծել անձեռնմխելի ֆոնդեր»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով փորձ է արվել նաև ամրապնդել բուհերի ու գիտական համակարգի կապը և այդ նկատառումով սահմանվել է, որ կրեդիտների որոշակի քանակություն կարելի է ստանալ նաև գիտական հաստատություններում: Սա ևս որոշակիորեն կապված է ֆինանսավորման համակարգի հետ, որովհետև կրեդիտները պետք է ունենան որոշակի գնային արժեք՝ ուսանողին կրեդիտներ ապահովող գիտական հիմնարկը բնականաբար պետք է ստանա համարժեք գումար, որը հաշվարկված է բուհի կողմից ուսման վարձավճարի մեջ: Հաջորդ կարևոր խնդիրը բուհերի միջազգայնացումն է և այստեղ ևս լուրջ փոփոխություններ են նախատեսվում. «Մագիստրոսական կրթական ծրագրերի 30, իսկ ասպիրանտական կրթական ծրագրերի 50 տոկոսը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: Որակական փոփոխությունների են ենթարկվում նաև ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք, պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Նա անդրադարձել է նաև օրինագծով ներկայացվող նոր որակավորմանը՝ մասնակի բակալավրիատին և այլ փոփոխությունների:
Հասարակական խորհրդի անդամները հարցեր են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին: Մասնավորապես հարց է բարձրացվել, թե օրիանգծով առաջարկվող հեռակա կրթական համակարգի վերացման պարագայում ինչպես է կարգավորվելու քոլեջների շրջանավարտների անցումը դեպի բուհ՝ նկատի ունենալով, որ այժմյան օրենքով ՄԿՈՒ համակարգի շրջանավարտները կարող են իրենց կրթությունը շարունակել բուհի երկրորդ կուրսում՝ հեռակա բաժնում: ԿԳ նախարարի տեղակալը պարզաբանել է, որ հարցը կկարգավորվի օրենքի ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ: Խորհրդի անդամ, Ազատ Հակոբյանը առաջարկել է հետագայում ենթաօրենսդրական ակտերի մշակման ժամանակ ներգրավել նաև ՄԿՈՒ ոլորտի փորձագետներին: Ի պատասխան հասարակական խորհրդի անդամ Կարինե Թումանյանի՝ բուհերում նույն մասնագիտությամբ նույն առարկայի դասավանդման ծրագրերում հանդիպող էական բովանդակային տարբերությունների մասին հարցին, Ռոբերտ Սուքիասյանը պարզաբանել է, որ միասնական կրթական չափորոշիչներ բուհերի համար չի սահմանվում, քանի որ դա հակասում է ակադեմիական ազատությունների սկզբունքին, սակայն առաջարկվող ցանցային համալսարանների մոդելը ենթադրում է կրեդիտների փոխճանաչում. «Այսինքն բուհերը միմյանց հետ պետք է քննարկեն և համաձայնվեն ճանաչել միմյանց կրեդիտներն ու համադրելի դարձնեն կրթական ծրագրերը: Ցանցային համալսարանների ստեղծման ու ուսանողական շարժունության հիմքում դրված է կրեդիտների փոխճանաչումը, ինչն էլ իր հերթին որպես պահանջ դրվելու է ծրագրային հավատարմագրման հիմքում»,- պարզաբանել է վարչության պետը:
Հարցեր են հնչել նաև բուհերի լիցենզավորման և հավատարմագրման ժամկետների փոփոխման, մասնագիտության դոկտորի` PhD որակարվորման և նախագծով առաջարկվող այլ փոփոխությունների մասին:
Նիստի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը որոշում է ընդունել՝ դրական եզրակացություն տալ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա մշակումների ժամանակ նկատի ունենալ ներկայացված առաջարկներն ու բարձրացված հարցադրումները: