Հանրապետականների մոտ խառնաշփոթ է
«Տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունն ընտրություններից հետո չխոստացավ թեժ աշուն և, դե ֆակտո, ճանաչեց ընտրության արդյունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2017 թվականի քաղաքական իրադարձություններն, ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությանը կարելի է մեղադրել նրանում, որ մարդիկ, այլընտրանք չտեսնելով և ընդդիմությանը հավատալու դառը փորձ ունենալով, ներգրավվում են ձայների վաճառքի մեջ:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ընդդիմության մասով ևս որոշում կայացնում է իշխանությունը՝ ընտրելով, թե որպես ընդդիմություն, ով պետք է ներկայացված լինի: «Ընդ որում՝ արևմտամետ իմիջով ընդդիմություն պիտի ապահովել: Ժամանակին դա «Ժառանգությունն» էր, այսօր՝ «Ելքը»»:
Ինչ վերաբերում է հաջորդ վարչապետի հարցին, ապա Վիգեն Հակոբյանն ընդգծեց. «Երկար ժամանակ իրենց մոտ ամեն ինչ հրահանգներով էր, և հիմա, երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ուզում է մնալ վարչապետ, սա հանրապետականների ուղեղներում կասկած է առաջացնում, որ առանց «շեֆի» հետ համաձայնեցնելու, դժվար թե, նման բան ասեր, հետո Գալուստ Սասհակյանն է հայտարարություններ անում: Ես կարծում եմ, որ Գալուստ Սահակյանի ասածը արջի ծառայություն է, քանի որ նրա ասածը ցանկացած դեպքում սև փիառ է: Եթե Գալուստ Սահակյանը Մերսեդես էլ քարոզի, Մերսեդեսի վաճառքները կարող են ընկնել, նա այդպիսի կերպար է», – նշեց նա: