Փառք Աստծո, որ այսօր էլ արթնացանք
Այս տարվա նախավերջին շաբաթն է այսօր. Շնորհակալ ենք Աստծուն.
Խորհենք… այս առաքինությունը ևս որպես շնորհ է տրված մեզ:
Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում… հիվանդությունը, ծերությունը, մահվան օրը և Աստծո դատաստանին գնալը։ Այս չորս բաները՝ կամենանք թե ոչ, լինելու են։ Այնպես պետք է ջանալ, որ քանի դեռ մեր կամքի մեջ ենք, բարին գործենք։
Հովհաննես Երզնկացու` հավատացյալներին ուղղված նամակից է:
Փառք Աստծո, որ այսօր էլ արթնացանք: Իրապես միայն Աստծուն փառաբանություն և գոհություն հայտնելիս է, որ մարդը չի ձանձրանում, ընդհակառակը առավել զորանում և ամրանում է: Իսկ մեր գոհությունը կարող ենք հայտնել միայն աղոթքով, մեր մտքի խոսքերը ուղղելով առ Աստված: Սկսենք մեր օրը` հիմքում դնելով առաջին ամուր քարը, որը աղոթքն է, խնդրենք, որ օգնի մեզ Աստված ազատվել մեծամտության մեղքից, թե իբր մենք ամեն ինչ կարող ենք անել մեր ուժերով:
Չմոռոնանք, որ Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելացիները սխալվեցին այն դեպքում, երբ ամեն օր Մովսեսը նրանց փոխանցում էր Աստծո Կենդանի խոսքը: Մեր Տիրոջ հանրային ծառայության տարիներին առաքյալները սխալվեցին, ամեն ժամ շփվելով Նրա հետ:
Իսկ մենք` տկարներս, ո՞վ ենք, որ ապրենք ու չսխալվենք առանց Սուրբ գրքի առաջնորդության և մեր Սուրբ Հայրերի ուղղորդության և առանց մեր սուրբ եկեղեցու վարդապետության և քարոզի: Աղոթենք:
Տեր երկնքի և երկրի, Արարիչ բոլոր արարածների, շնորհի՛ր մեզ միշտ երկյուղով Քեզ պաշտել ու սիրել ամբողջ սրտով, բովանդակ մտքով, և մեր ողջ զորությամբ պահել Քո պատվիրանները ու մեր ձեռքերը հավատքով Քեզ բարձրացնելով՝ Քեզանից շնորհ և ողորմություն ստանալ: ԱՄԵՆ:
Ծովիկ Դավթյանի հանրագրից