Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվում են չինական լսարանին
Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի առաջին միջազգային մշակութային համաժողովը, որը կազմակերպել են «Չինաստան-Ասիա» տնտեսական զարգացման ասոցիացիան և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» դեսպանների համաժողովի կոմիտեն։
Համաժողովի ընթացքում Չինաստանում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, պատմական, կրոնական և մշակութային ժառանգությունը: ՀՀ առևտրային ներկայացուցիչն ընդգծել է Հայաստանի կառավարության վարած «բաց դռների» քաղաքականությունը և մասնավորապես՝ հատուկ ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգը: Նշվել է նաև, որ, ըստ Հայաստանի և Չինաստանի միջև նախորդ տարի կնքված համաձայնագրի՝ Հայաստանն ունի երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ։ Ցուցադրվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված և հատուկ չինական լսարանի համար թարգմանված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները։
Հրանտ Աբաջյանը համաժողովի պատվիրակներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական և ներդրումային գրավչությունները, օտարերկրյա ներդրումների խթանմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը, տնտեսության մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտները։ Չինացի գործարարարին տեղեկատվություն է տրամադրվել նաև նորաբաց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:
Նախօրեին Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի ունեցած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» միջազգային սիմպոզիումի ժամանակ ևս պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և լրագրողների ուշադրությանն է ներկայացվել վերոնշյալ տեսահոլովակը, որը ներկաների կողմից արժանացել է բարձր գնահատականի։