Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը. Գ. Սահակյան
«Ապսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնել, դա կանոնակարգի խախտում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգանավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Ելքի»՝ արդեն 7-րդ անգամ ընդմիջում վերցնելուց։ Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության», – ասաց նա։
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ բացի օրենսդրությունը կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում, ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը: Ընդդիմությունը պետք է իմանա, թե իր տեղը որտեղ է։ Ինչքան որ դու ձայներ ես հավաքել, այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է տեսակավորել, ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի», – նշեց նա։