Ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է ես պատիվ եմ զգում․ Աթեշյան
Պոլսո կարգալույց եղած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, ինքը փոխանորդ է եւ թուղթ ունի կառավարության կողմից։ Նա նշեց, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ տեղի չեն ունենա, Թուրքիայի պետությունն էլ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին է ճանաչում որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ:
«Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները պետք է տեղի ունենան պետության թույլտվությամբ, սակայն, այս պահի դրությամբ, Թուրքիայի պետության կողմից ընտրություններ անցկացնելու արտոնություն չկա: Պետք է հնազանդ լինել պետությանը, ասել է` առանց պետության արտոնության պատրիարք չեք կարող ընտրել: Միայն եկեղեցական դասն իրավունք չունի այս բանն անելու, այս պահին նման արտոնություն պետությունը չի տվել: Կուսակալն ինձ կանչեց, ասաց` նախկին վիճակին պետք է վերադառնաք, փոխանորդը Աթեշյանը պետք է մնա, նախկին վիճակին պետք է վերադառնաք»,-ասաց նա:
Արամ Աթեշյանը նշեց, որ 8 տարվա ընթացքում աշխատել է պոլսահայերի համար, բազմաթիվ հաջողություններ է ունեցել։ Սակայն, նրա խոսքով, ոչ ոք չի խոսել այդ մասին եւ անընդհատ շահարկել են, թե լավ հարաբերություններ ունի Թուրքիայի իշխանությունների, նախագահի հետ. «Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի համար է, որ լավ եմ նրանց հետ»,- ասաց նա:
Արամ Աթեշյանը թվարկեց, թե ինչեր է արել ստամբուլահայ համայնքի համար. «Մի քանի եկեղեցիներ քանդված են եղել, վերանորոգել եմ տվել, հայկական համայնքում երեխաների կրթության հարցն եմ լուծել: Ինձ ընդառաջում են թուրքական իշխանությունները»,- նշեց նա: