Անվիճելի է՝ ամեն մեկը Քրիստոսով պետք է աշխարհ մտնի. Փաստ
-Պարոն Մանուչարյան, վերջերս Հռոմի պապը, կարելի է ասել, խմբագրեց Աստծուն: Տերունական աղոթքի մի տողն առաջարկեց այլ կերպ կարդալ: Սա առաջացրեց կոշտ դիմակայություն նրա նկատմամբ: Իսկ կաթոլիկ եկեղեցու ղեկավարներից մեկն էլ Պապին մեղադրեց սատանիզմի մեջ: Անգամ նշեց, որ սրանք Նոր համաշխարհային կարգի օրակարգն առաջ տանելու քայլեր են: Ինչպիսին է ձեր մեկնաբանությունը:
-Ես խորությամբ չեմ կարող մեկնաբանել Հռոմի պապի բոլոր քայլերը, բայց կասեմ մի բան՝ Հռոմի պապը աշխարհի ազդեցիկ այն հազվագյուտ անձնավորություններից է, ով փորձում է դիմակայել մարդկությանը դեպի կործանում տանող համակարգին: Հիշենք Հայաստան նրա կատարած այցը: Նա հայերիս փորձեց հետ պահել կործանման ճանապարհից՝ հիշեցնելով, թե մենք ով ենք իրականում: Առաջինը նա ասաց, որ ուխտագնացության է գալիս Հայաստան: Իսկ ուխտագնացություն են կատարում՝ գնալով սրբավայր:
Այսինքն՝ մեր երկիրը սրբությունների երկիր է: Մինչդեռ մենք մոռացել ենք այդ մասին: Եվ ապրում ենք ընդամենն ընթացիկ աշխարհի կանոններով: Այն է՝ ապրում ենք հաճույքների, կողոպուտների, անմարդկայնությունների աշխարհում:
Երկրորդը՝ նա հիշեցրեց մեզ, որ մենք այս աշխարհի մունետիկներն ենք: Մենք տեսել ու յուրացրել ենք եղած լավագույնը, լուսավորը և այն տարածել ենք աշխարհով մեկ: Երրորդը՝ ասաց, որ մեր մեջ եղած ֆունդամենտալ արժեքի՝ հայկականության մասին մենք մոռացել ենք: Իսկ հայկականությունն անգամ ավելի բարձր արժեք է, քան որևէ այլ բան: Անդրադառնալով Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցու իր երկու բարեկամ հայ քահանաներին, ասաց՝ երկարատև բարեկամությունից հետո ես հասկացա, որ ինձ համար նրանց մեջ եղած կարևորագույնը ոչ թե անգամ նրանց քրիստոնյա քահանա լինելն էր, այլ հայկականությունն էր:
Նա փաստորեն մեր ժողովրդին հիշեցրեց այն սկզբունքային արժեքների մասին, ինչից մենք շեղվել ենք: Նաև ցույց տվեց, թե վերադարձի ուղին որն է: Եվ Հռոմի պապն այդպես է վարվում բոլոր ժողովուրդների հետ: Նրա դերը հենց այսպիսին է մարդկության համար:
Տերունական աղոթքի այդ տողի հետ կապված նրա նախաձեռնությունն էլ, վստահաբար, կապված է այս հարցերի կոնկրետացման խնդրի հետ: Ի վերջո, մեկ բան անվիճելի է՝ ամեն մեկը Քրիստոսով պետք է աշխարհ մտնի: Եվ այլևս թե ինչպես արտասանել այս բառը, ինչպես ասել մյուսը, արդեն էական չէ:
Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդկանց անընդհատ փորձում են շեղել ճշմարիտ ուղուց, գայթակղել նրանց, ապա տվյալ տողի մեջ փոփոխություն նախաձեռնելով, հաստատ կաթոլիկ հովվապետը որոշակի մի հարցի, որոշակի մի իրավիճակի պատասխանն է տալիս:
-Իսկ ինչի համար է մեղադրական այս աղմուկը:
-Համակարգը, որը պահապանն է ներկա աշխարհի, ներկայացված է ամենուր: Այդ թվում՝ նաև կաթոլիկ եկեղեցում: Եվ ամենահեշտ բանը Պապին մեղադրելն է նման հարցերում ու նրան ոչ հավատավոր ներկայացնելը:
Մինչդեռ մարդու գործունեությունը գնահատում են նրա ընդհանրական ուղղվածության մեջ: Իսկ Պապի գործունեության ուղղվածությունը արդեն իսկ հստակ է: Սակայն թե կոնկրետ որ քայլում նա ինչքան է կարողանում առաջ գնալ որքան չի հաջողում, այլ հարց է արդեն:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: