Ադրբեջանցին կծել էր Վաչիկի մատը, բայց վերջինս «խեղդեց» նրան/տեսանյութ/
Վաչիկ Վարդանյանը 6 տարեկանից նվիրվեց սպորտին: Զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, սակայն անհրաժեշտություն առաջացավ` ընտրություն կատարել, քանի որ ազատ ոճի ըմբշամարտի խմբակը փակվեց:
«Ընտրեցի «ձյուդո» մարզաձևը, սակայն այստեղ էլ խնդիրներ առաջացան ու մեկընդմիշտ իմը դարձավ «սամբո» ըմբշամարտը: Այս մարզաձևով սկսեցի զբաղվել 9-րդ դասարանից: Հաղթել եմ պատանիների աշխարհի առաջննությունում: Հետո արդեն ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Ծառայեցի Հայոց բանակում ու ծառայությունից հետո էլ նվիրվեցի իմ ընտրած սպորտաձևին:Միշտ բարձր կարգի հաջողություններ եմ գրանցել: Եղել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաչիկ Վարդանյանը, ով հավակնում է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվել:
Վարդանյանը նշում է անցած տարին իր համար ճակատագրական էր.«Այս տարի դարձա Աշխարհի գավաթի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր: Ամեն տարի ես կարողանում եմ իմ հայ ժողովրդի համար պատվավոր տեղեր նվաճել և հպարտ եմ այդքանով»:
Վաչիկ Վարդանյանի համար կարևորը իր երկրի պատիվն է ու հպարտությամբ է հիշում ադրբեջանցի մարզիկի հետ ունեցած մենամարտի դրվագները:
«Իմ քաշային կարգում բազմաթիվ անգամ եմ հանդիպել ադրբեջանցիների, բայց այս մարզիկին առաջին անգամ էի հանդիպում: Ես վստահ էի, որ հաստատ հաղթելու եմ: Իր մարզիչը անհանգստացած էր ու այդ պատճառով նա ուշ դուրս եկավ: Հետո թասիբի պահեր են երևի առաջ քաշել: Սոչի քաղաքում կայացած մենամարտը շատերի ուշադրության կենտրոնում էր: Ադրբեջանցին կծեց մատս ու բաց չէր թողնում: Հետո, երբ բժիշկը մշակում էր վերքս խնդրեցի` սպիրտով մաքրել, քանի որ այդ ազգը իմ համար թունավոր է: Ես կարողացա խեղդում հնարքով «խեղդել» դրան: Նա փախնելու տարբերակ չուներ: Ես արյունլվա մատս հանեցի նրա բերանից ու «խեղդեցի» դրան…»,-հիշում է Վաչիկ Վարդանյանը:
Վաչիկ Վարդանյանը Սպորտի վաստակավոր վարպետ է ու կրթում է բազմաթիվ սաների:
Սամբո մարտարվեստի նվիրյալը հավակնում է դառնալ Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը:
Մարզիկի երկրպագուները կարող են մասնակցել օնլայն քվեարկությանը` 10 06-ին հաղորդագրությամբ քվերակելով 24 համարի օգտին: