20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը հունական «Էթնոս» թերթին

Հարց. Ո՞րն է Աթենք Ձեր այցելության հիմնական նպատակը։ 

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդական խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ:

Ես այստեղ եմ իմ գործընկեր նախարար Կոձիասի հրավերով: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կանոնավոր հանդիպումներ են ունենում: Այս տարի ես պատիվ ունեի հյուրընկալելու նախարար Կոձիացին Երևանում, մենք նաև հանդիպումներ ունեցանք Տալլինում և Նյու Յորքում, իսկ այսօր ես այստեղ եմ՝ Աթենքում՝ շարունակելու մեր երկխոսությունը: Այս այցը ևս մեկ հնարավորություն է ընձեռում քննարկելու մեր ընդարձակ օրակարգը, որը միտված է երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում արդյունավետ համագործակցության հետագա խթանմանը:

Այսօր ավելի վաղ պատիվ ունեցա հանդիպելու Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ և մտքեր փոխանակելու հայ-հունական հարաբերությունների շուրջ:

Իմ այցելությունը սկսվեց երեկ՝ արտաքին գործերի նախարարությունում ունեցած դասախոսությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար՝ ներկայացնելու տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք առաջնահերությունների շուրջ մեր մոտեցումները:

Իմ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում անդրադարձանք Հայաստանի Նախագահի՝ նախորդ տարի Հունաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Եվ իհարկե մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Հարց. Աթենք Ձեր այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի այցից մի քանի օր անց: Այստեղ գտնվելու ընթացքում Էրդողանը շեշտեց Լոզանի պայմանագրի «վերանայելու» «անհրաժեշտությունը»: Ինչպի՞սի մոտեցում ունի Հայաստանը նման դիրքորոշումների հանդեպ, որոնք վերաբերում են պայմանագրերի «վերանայմանը»:

Էդվարդ Նալբանդյան. Ես չէի ցանկանա մեկնաբանել որևէ կոնկրետ պայմանագիր կամ կոնկրետ հայտարարություն: Այնուամենայնիվ, ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում: Մենք կարող ենք հեշտությամբ հիշել այլ օրինակներ, երբ Թուրքիան չի հարգել համաձայնագրերի տակ դրված իր ստորագրությունը: Ի թիվս այլոց, մենք կարող էինք հիշել Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ուղղված էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Հարց. Վաշինգտոնում տեղակայված թուրքական ՀԿ-ն վերջերս հայտարարեց, որ այսպես կոչված «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» կողմնակիցները համագործակցում են հայկական խմբերի հետ` ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ լոբբիստական գործունեուն իրականացնելու համար: Անցյալում Թուրքիայում իշխանամետ գործիչները նաև պնդել են, որ Գյուլենը «հայ» է՝ ներկայացնելով դա որպես մեղադրանք: Ինչպ՞ես կմեկնաբանեք սա:

Էդվարդ Նալբանդյան
. Ցավոք, սա հայերին իրենց հակառակորդների կամ նույնիսկ թշնամիների հետ նույնականացնելու որորշ թուրք քաղաքական գործիչների դարավոր սովորության ևս մեկ ապացույց է: Ավելին, նրանք երբեմն շատ ավելի հեռու են գնում՝ հայ լինելը համարելով վիրավորանք, ինչը պարզապես անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորում է:

ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական գործունեության մեթոդներն ու ձևերն արդեն քաջ հայտնի են բոլորին: Այնուամենայնիվ, դա չի խոչընդոտում նրանց թիրախավորելու այլոց՝ Թուրքիայի դեմ լոբբիստական գործունեության մեջ ենթադրաբար ներգրավված լինելու համար:

Հարց. Վերջերս Նյու Յորքում հատուկ միջոցառում տեղի ունեցավ` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան: Դուք նկատե՞լ եք միջազգային հարթակում առաջընթացի նշաններ, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Էդվարդ Նալբանդյան. Այդ օրը միջազգային օրացույցում ամրագրվեց Հայաստանի ջանքերով: 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևը: Հետագայում, կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հայտարարեց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր:

Հաջորդ տարի դեկտեմբերի 9-ին Միջազգային հիշատակի օրն էլ ավելի մեծ նշանակություն կունենա, քանի որ այն կհամընկնի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս առիթով Հայաստանը պատրաստվում է Երևանում հյուրընկալել «Ըննդեմ Ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբար ֆորումը:

Կոնվենցիայի ընդունումից 70 տարի է անցել, սակայն աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Այս առումով սնհրաշեշտ է կրկնապատկել միջազգային ջանքերը՝ ուղղված կանխարգելման օրակարգի ակտիվացմանը:

Հարց. Հաշվի առնելով Երուսաղեմում ամուր հայկական ներկայությունը, ի՞նչ եք կարծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու վերաբերյալ որոշման մասին:

Էդվարդ Նալբանդյան.
 Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ հետևում ենք Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Հարց. Արդյո՞ք առաջընթացի հնարավորություն կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առումով: Որո՞նք են ամենամեծ խոչընդոտները:

Էդվարդ Նալբանդյան. Նախորդ շաբաթ ԵԱՀԿ նախարարական խորհրդում իմ ելույթի մեջ ես մանրամասն թվարկել եմ ինը պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը:

Կարճ ասած, կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած անզիջողական և առավելապաշտական դիրքորոշմամբ, Բաքվի մերժմամբ իրականացնելու այն, ինչն ընդգծվել և ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին երեք գագաթաժողովներում, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Ադրբեջանը հետքայլ կատարեց և մերժեց վերահաստատել իր հանձնառությունը այն սկզբունքներին և տարրերին, որոնք առաջարկվել էին Մինսկի խմբի համանախագահների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմք:

Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, և այդ օրինակները իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմ վստահելիությունը: Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է շփման գծում հրադադարի խախտումները և սադրանքները: 2016 թ. ապրիլին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա սանձազերծեց, որն ուղեկցվց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների նկատմամբ դաժանություններով, մարմինների խեղումներով, ԴԱԻՇ-ի ոճի գլխատումներով:

Այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ