«Կան այնպիսի դրույթներ, որոնց առկայությունը կարող է վտանգի տակ դնել կոնվենցիոն պարտավորությունները»
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կարևորեց օրենքը: Նա նշեց՝ 2002 թ-ին ՀՀ-ն վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որտեղ ասվում է, որ ցակացած անձ պետք է հնարավորություն ունենա վիճարկել իր ձերբակալությունը դատական կարգով: Կոստանյանը նշեց, թե չնայած դրան ՀՀ-ն մինչև հիմա չի ունեցել այդ կարգավորումը և հիմա ունենալու է: «Սահմանադրական բարեփոխումներից բխող փոփոխությունը կոնվենցիոն պարտավորություն է, որը ստանձնել ենք»,-ասաց նա: Գևորգ Կոստանյանը սակայն շարունակեց, թե միաժամանակ կան լուրջ խնդիրներ, և այնպիսի դրույթներ, որոնց առկայությունը կարող է վտանգի տակ դնել կոնվենցիոն պարտավորությունները:
«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի, և պետությունը պարտավոր է փոխհատուցել, և այս նախագծով այդ հարցը պետք է կարգավորվի»,-ասաց նա: Կոստանյանը նաև անդրադաձավ քիչ առաջ հնչած հարցին, թե կան ապօրինի ձերբակալված անձինք: Ըստ պատգամավորի՝ չկա նման վիճակագրություն, որովհետև ձերբակալության վիճարկում դատական կարգով չի եղել: «Այս օրենքի ընդունումով կստեղծենք դրա հիմքերը, կարծում եմ և վստահ եմ՝ այս օրենքն անհրաժեշտ է ընդունել»,-եզրափակեց նա: