Անձը հնարավորություն կունենա վիճարկել ձերբակալման որոշումները
«Փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անձին վիճարկել ձերբակալման որոշումները ու քրեական դատավարության օրենսգրքում մենք սահմանել ենք դրա մեխանիզմները»,-այսօր խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ «Նախագծով անձին տրվում է 60 ժամ ձերբակալման դեմ բողոք ներկայացնելու համար, իսկ դատարանը բողոքը պետք է քննի 5-օրյա ժամկետում, իսկ եթե անձի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալը, ապա դատարանը նշված հարցը պետք է քննի անհապաղ», – նշեց նա։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ իրենք եկել են այն եզրահանգման, որ հակասություններ են առաջանում նաև այն հարցում, որ եթե անձը ձերբակալվում է, մինչև իր բողոքարկումն ու դատարանի պատասխան ստանալը մոտ 72 ժամ պարտավոր է ազատազրկված մնալ։
«Դրա համար մենք որոշեցինք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ այս նախագծով իրավական լուծում տալ, այնպիսի մեխանիզմ սահմանել, որ վերջիվերջո անձը գոնե որոշակի ժամանակով, եթե ապօրինի էր ձերբկալվել, հնարավորություն ունենա այդ ձերբակալությունից ազատ արձակվի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս օրինակի համար նշեց, որ անձին պետք է հնարավորություն տրվի, որ ապօրինի որոշումը վիճարկի 2 ժամվա ընթացքում, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետում քննի, իսկ եթե ապօրինի է ձերբակալումը, ապա ազատ արձակի նրան: