27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ մասնագետների ստեղծած USB-ն կճանաչի տիրոջը արյունատար անոթներով

Հայաստանում գործող One-Click Key ստարտափի հեղինակները նախագծել են ինֆորմացիայի պահպանման կրիչ, որը ճանաչում է օգտագործողին՝ արյունատար անոթների նույնականացման միջոցով:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Տիգրան Ջհանյանը պատմել է, որ նախագիծը դեռ կյանքի չի կոչվել, սակայն ստարտափն այս ամիս Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում ստացել է €15 հազ. ֆինանսավորում: Տիգրան Ջհանյանի խոսքով՝ դրամաշնորհն օգտագործելու են տեխնոլոգիան խորությամբ ուսումնասիրելու եւ սարքը մշակելու նպատակով:  

«Արտաքինից այն փոքրիկ USB կրիչից (ֆլեշկա) ոչնչով չտարբերվող սարք է, իսկ իրականում քառաստիճան պաշտպանություն ունեցող կիբերանվտանգության գործիք է։ Այն զգալիորեն հեշտացնում է օգտագործողի առօրյա կյանքը՝ ապահովելով անվտանգ եւ գերարագ հասանելիություն բոլոր համակարգերում նրա բոլոր հաշիվներին (account-ները)՝ լինի դա սոցցանց, էլփոստ, թե ավելի կարեւոր համակարգ, օրինակ՝ e-banking: Պարզապես տեղադրում եք One-Click Key-ը համակարգչի USB պորտում եւ ավտոմատ մուտք գործում Ձեր ցանկացած համակարգ՝ առանց լոգիններ եւ գաղտնաբառեր մուտքագրելու: Իսկ սարքի հիմնական նորարարությունը, որն ապահովում է մաքսիմալ անվտանգություն, մատի սքաներն է. այն ճանաչում է ձեզ ոչ թե մատնահետքի, այլ արյունատար անոթների կառուցվածքի սքանավորման միջոցով: Եթե մատնահետքի դեպքում կա կրկնվելու շատ փոքր հավանականություն, ապա արյունատար անոթների դեպքում դա բացառվում է: Ի դեպ, եթե մարդը քնած լինի եւ փորձ արվի նրա մատն օգտագործել՝ կրիչից օգտվելու համար, ապա սարքը դա կզգա եւ չի ընդունի»,- բացատրել է Տիգրան Ջհանյանը:

USB սարքն ունի նաեւ 8-16 Գբ գերպաշտպանված ֆլեշ հիշողության կուտակիչ։ Կրիչի կորստի դեպքում նրանում առկա ինֆորմացիան կպահվի ամպային ծառայությունում: 

Տիգրան Ջհանյանը նշել է, որ 2 ամիս շարունակ գլոբալ հետազոտություն են իրականացրել այս ոլորտում մրցակիցներին պարզելու համար:
 
«Միայն մեկ դեպք ենք արձանագրել. ճապոնացիները ցանկանում են տեխնոլոգիան օգտագործել բանկոմատներից օգտվելու համար, սակայն իրենց մոտ դեռ նախա-նախատիպային վիճակ է»,- ասել է One-Click Key ստարտափի հիմնադիրը:  

Ստարտափն ունի արտասահմանցի մենթորների խումբ՝ կիբերանվտանգության, բանկային համակարգերի անվտանգության, պետական կառույցների անվտանգության ապահովման ոլորտներից: 

«Չնայած մենք դեռ չունենք պատրաստի պրոդուկտ, սակայն արդեն իսկ 2 խոշոր ընկերություն հետաքրքրված են One-Click Key-ով: Սա մեծ նշանակություն ունի մեզ համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրանք միջազգային ընկերություններ են։

Նրանք պատրաստ են ներդրումներ կատարել, երբ կունենանք լաբորատոր նախատիպ: Պատրաստվում ենք տեխնոլոգիան շուտով պատենտավորել եւ արդեն որոշակի քայլեր կատարել ենք մեր մտավոր սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք տարբեր երկրներում մասնաճյուղեր ունենալ, սակայն արտադրությունն իրականացվելու է միայն Հայաստանում»,- ընդգծել է Տիգրան Ջհանյանը: 

Սարքի հնարավոր գինը հայաստանյան կազմակերպությունների համար կարող է տատանվել $35-150-ի, իսկ անհատների համար՝ $35-65-ի միջակայքում: Արտերկրում սարքը կարժենա $65-270:  

Աղբյուրը՝ itel.am

Նարինե Դանեղյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ